«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում անդրադարձավ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությանն ու ասաց՝ իրենք չեն մասնակցել, որովհետև բավարար ապացույցներ չեն տեսել:
«87 մարդ հիմա, վստահ եմ, հարցեր ունի իրենց համոզողներին, բայց դա մեր խնդիրը չէ: Մենք մեր համոզմունքը հայտնել ենք, և դա հաստատվել է դատարանի որոշումով»,- ասաց Մարուքյանը:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք քաղաքական տարրե՞ր է տեսնում, Մարուքյանը հիշեցրեց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հայտարարությունում ընդգծել են, որ քրեական գործն ունի քաղաքական վերահսկողություն, քանի որ, Մարուքյանի խոսքով, նախաքննության նյութերը նախապես բաժանված են եղել քաղաքական գործիչների, որոնք հրապարակել են:
Հնարավոր իշխանափոխության օրակարգի մասին Մարուքյանն ասաց, որ քանի դեռ վարակակիրների թիվը մեծ է, իրենք որևէ հրաժարականի հարց չեն բարձրացնում, իսկ իրավիճակը կայունանալուց հետո քաղաքական պատասխանատվության հարց կգա օրակարգ:
Խմբակցության ղեկավարը նաև ասաց, որ քննիչ հանձնաժողովի ձևավորման գաղափարն իրենցն է, և լավ կլինի, որ այն իրականացնելու համար նախագահվի «Լուսավոր Հայաստանի» կողմից: Հիշեցրեց, որ ԲՀԿ-ն արդեն երկու քննիչ հանձնաժողով նախագահում է: