Պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում Ֆրանսիայից ժամանած բժշկական թիմի ղեկավար Ալեքսանդր Մինյոնն ասաց, որ մեծ պատիվ էր հյուրընկալվել ու աջակցել Հայաստանին համաճարակի համատեքստում: Ասաց՝ որքան հնարավոր էր՝ փորձել են աջակցել, կիսվել իրենց գիտելիքներով: Բժիշկն ընդգծեց, որ իրենց պատվիրակության 10 անդամներն էլ հայ չէին, բայց կարծում է, որ հայեցի են մոտեցել հարցին:
«Կարծում եմ՝ յուրաքանչյուր ոք ինչ-որ մի հայի նշույլ ունի իր արյան մեջ: Հաջորդ առաքելությունը Հայաստան կժամանի եկող չորեքշաբթի: Այս անգամ առաքելության շրջանակում ներգրավված կլինեն հայկական սփյուռքից մեծ քանակի մասնակիցներ»,- ասաց Ալեքսանդր Մինյոնը:
Բժիշկը հորդորեց հակահամաճարակային բոլոր կանոններին հավատարիմ մնալ՝ ասելով, որ դա հիմնարար լծակն է այդ հիվանդությունից ազատվելու:
Ֆրանսիայից ժամանած բժիշկը, տեսնելով հայ բժիշկների աշխատանքն այս օրերին, ասաց, որ նրանք ուժասպառ ու գերհոգնած են, բայց աշխատում են օրնիբուն ու գիշերուզօր:
Բժիշկն անդրադարձավ նաև դեքսամեթազոն դեղամիջոցին՝ նշելով, որ այն կարող է նաև օգտագործվել Հայաստանում, քանի որ օգնում է հիվանդության բուժման գործընթացում: