Հայաստանի Ամերիկյան Համալսարանը 2020 թվականի հունիսի 22-ին «ԳիտՍԵՐունդ» եռամյա ծրագրի շրջանակներում մեկնարկում է ամառային առցանց ճամբարները, տեղեկացնում է համալսարանի լրատվական բաժինը։
Ծրագիրն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության ֆինանսավորմամբ։ Առցանց ճամբարների ընթացքում մասնակիցները կանցնեն ֆիզիկա, մաթեմատիկա, ինֆորմատիկա, կենսաբանություն և քիմիա առարկաներից՝ նորարարական մանկավարժության մեթոդներով կազմված դասեր և մասնագիտական կողմնորոշման խորհրդատվություն։ Ամառային ճամբարները տեղի կունենան Երևանի, Դիլիջանի, Եղեգնաձորի, Վանաձորի, Գյումրիի, Գորիսի և հարակից բնակավայրերի 9-11-րդ դասարանցիների համար:
Ճամբարների մեկնարկին տեսաուղերձներով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսին և ՀԱՀ նախագահ դր Կարին Մարկիդեսը:
Ընդգծելով ծրագրի կարևորությունը՝ պարոն Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը ունի հավակնոտ ծրագիր՝ տեխնոլոգիական առումով դառնալ տարածաշրջանի առաջատար։ «Շատ կարևոր է, որ մեր երեխաները հանրակրթության մեջ, միջին դպրոցում, ավագ դպրոցում այդ առարկաներով խորացված ուսուցում անցնեն և այնուհետև համալրեն բուհական կրթության մակարդակում և դառնան մեր երկրի տեխնոլոգիական զարգացման առաջամարտիկները»,- նշում է նախարարի տեղակալը։
Դեսպան Լին Մ. Թրեյսին շեշտեց, որ բնագիտամաթեմատիկական ոլորտի մասնագիտությունները Հայաստանի աճի և բարեկեցության կենսական ուժն են։ «Բնագիտամաթեմատիկական առարկաների զուգորդումն իրական կյանքի հետ օգնում է ձևավորել կենսական նշանակության հմտություններ։ Խնդրահարույց իրավիճակներում լուծումներ գտնելը, քննախույզ ու ստեղծագործ միտքը և նորարարությունն այն հմտություններն են, որոնք անհրաժեշտ են մեր աշակերտներին 21-րդ դարում մրցունակ լինելու համար»։
Դր Մարկիդեսի կարծիքով՝ խթանելով երեխաների հետաքրքրասիրությունը, խնդիրներն ու մարտահրավերները հասկանալու և լուծելու իրենց ունակությունը՝ մեր ուսուցիչները կդառնան հերոսներ, իսկ աշակերտներին կդարձնեն մեր ապագա առաջնորդները։ «Բնական գիտությունները և մաթեմատիկան այս ամենի հիմքն են և միանալով հումանիտար գիտությունների և արվեստի հետ՝ կարող են լուծումներ տալ ժամանակակից բարդ մարտահրավերներին։ Համավարակի դեմ արդյունավետ պայքարը նմանօրինակ մարտահրավերներից է, Սևանա լճի մաքրությունը՝ մեկ այլ, արդյունավետ գյուղատնտեսությունը՝ մյուսը»։
«ԳիտՍԵՐունդ» ծրագրի նպատակն է բարելավել բնագիտամաթեմատիկական կրթության որակը միջնակարգ և ավագ դպրոցներում, մեծացնել ուսանողների քանակը բնագիտամաթեմատիկական ուղղվածությամբ բարձրագույն բուհական հաստատություններում և նպաստել Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը: Ծրագրի շրջանակում մշակվել են դասավանդման և ուսումնառության նոր տեսակի ռեսուրսներ, որոնք հնարավորություն կտան բոլոր ուսուցիչներին՝ առավել արդյունավետ կերպով իրենց դասերն իրականացնել մանկավարժության ժամանակակից մեթոդներով և մոտեցումներով։