Էրեբունի բուժկենտրոնից հայտնում են, որ 43-ամյա տղամարդը ԲԿ է տեղափոխվել ինսուլտի ախտանշաններով՝ հանկարծակի սկսված ուժեղ գլխացավով, զարկերակային բարձր ճնշմամբ: Բժշկական կենտրոն մուտք գործելուց հետո կաթվածի թիմն անմիջապես կատարել է անհրաժեշտ բոլոր հետազոտությունները՝ գլխուղեղի ԿՏ անգիոգրաֆիա, կրծքավանդակի ԿՏ և լաբորատոր հետազոտություններ: Ախտորոշվել են զարկերակների 2 խոշոր չափերի անևրիզմաներ, որոնցից մեկն արդեն իսկ պատռված է եղել և հեմոռագիկ ինսուլտ էր առաջացրել: Վիճակը գնահատվել է ծանր:
Որոշվել է կյանքի ցուցումով կատարել ներանոթային միջամտություն: Այն իրականացրել է «Էրեբունի» ԲԿ էնդովասկուլյար նյարդավիրաբուժական թիմը՝ ծառայության ղեկավար Դավիթ Սահակյանի գլխավորությամբ: Ընդունված չափորոշիչի համաձայն, միջամտությունից առաջ հիվանդը Covid-19-ի թեստ է հանձնել, արդյունքը եղել է դրական: Այս փաստն ավելի է բարդացնում հիվանդի առողջական վիճակը, ինչպես նաև վարակման մեծ վտանգ է ներկայացնում բժշկական անձնակազմի համար: Ուստի, հաշվի առնելով այս հանգամանքը, կիրառվել են համաճարակաբանական համալիր խիստ միջոցառումներ: Վիրահատության ընթացքում հիվանդի և բուժանձնակազմի համար օգտագործվել է հատուկ արտահագուստ՝ նվազագույնի հասցնելով բուժանձնակազմի վարակման ռիսկը:
Չնայած բազմաթիվ խնդիրներին՝ վիրահատությունն անցել է առանց բարդությունների, ներանոթային ճանապարհով հեռացվել են անևրիզմաները: Հետվիրահատական բուժօգնության պատշաճ կազմակերպման, ինչպես նաև Covid-19-ով պայմանավորված հետագա հնարավոր բարդությունների կանխարգելման նպատակով բուժմանը միացել են նաև նյարդաբանական և թերապևտիկ թիմերը: Թիմային համատեղ պայքարի շնորհիվ հիվանդը հաղթահարել է թե՛ հեմոռագիկ ինսուլտի, թե՛ կորոնավիրուսային հիվանդության բարդությունները և ապաքինմամբ դուրս է գրվել: