ՀՀ պարետի կողմից սահմանված՝ համաճարակի կանխարգելման կանոնների վերահսկման աշխատանքները Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչներն ու ոստիկանները հունիսի 22-ին մեկնարկել են Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից։
Վարչական շրջանի մի շարք հուշակոթողների, զբոսայգիների, ջրային տարածքներում վերահսկվել են մարդկային կուտակումները, դիմակ կրելու պարտադիր պահանջի կատարումը։
Շրջայցի ընթացքում տեսուչները փաստել են, որ դիմակներ կրում են գրեթե բոլորը, սակայն չի պահպանվում դիմակները ճիշտ կրելու կանոնը:
Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից տրվել են դիմակները պատշաճ կրելու, սոցիալական հեռավորություն պահպանելու մասին ցուցումներ, հակահամաճարակային կանոնների վերաբերյալ իրազեկումներ, նաև տրամադրվել են բժշկական դիմակներ։
Զբոսայգիների, ջրային տարածքներում սպորտով զբաղվող քաղաքացիների շրջանում մարդկային կուտակումներ չեն արձանագրվել։
Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված մշտադիտարկումներն իրականացվում են ամեն օր։