«Դատարանը փաստացի մեղադրանքը հիմնավոր է ճանաչել, իսկ խափանման միջոցը, իմ ենթադրություններով, կալանավորումը չի ընտրվել՝ կապված պարոն Ծառուկյանի տարիքի, ՀՀ-ում կորոնավիրուսի առկայության հետ. գուցե դատավորի համար դրանք են հանդիսացել պատճառ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Նրա խոսքով. «Դատարանը չի արդարացրել Գագիկ Ծառուկյանին և չի ասել, որ այն մեղադրանքները, այն տեքստը, որը ներկայացվել է Ազգային ժողովում, առոչինչ է և հիմնավոր չէ: Որոշումը վերաբերում է ընդամենը խափանման միջոցին, որը դատախազությունը հայտարարել է, որ բողոքարկելու է»,- ասաց Սիմոնյանը:
ԱԺ փոխնախագահն անդրադարձավ համակարգի խնդիրներին, շեշտեց՝ այդ խնդիրնեը հայտնի են ամենքին, ու կարիք չկա ամեն դատական նիստից հետո գնահատական տալ արդեն բոլորին հայտնի փաստի առնչությամբ:
Անդրադառնալով ընտրակաշառքի դեպքերի բացահայտմանն ու շրջանակի ընդլայնմանը՝ ԱԺ փոխնախագահը շեշտեց, որ որևիցե մեկը չի կարող ասել, որ ականատես չենք լինի նման այլ գործերի ու քննությունների:
Ալեն Սիմոնյանը շեշտեց՝ Հայաստանում ընտրակաշառքների բաժանման երկու մեխանիզմ է գործել, որը բոլորին հայտնի է նաև լրատվամիջոցների հրապարակումներով: Դրանցից մեկը, ըստ նրա, եղել է այն, որ, օրինակ, պատգամավորների թեկնածուներն իրենք են հոգացել ընտրակաշառքի ծախսերը և ձայների միջոցով ձևավորել են վերաբերմունք իրենց ղեկավարի մոտ, ըստ այդմ ստացել իշխանության իրենց մասնաբաժինը: Ըստ Սիմոնյանի՝ Ընտրական օրենսգրքում ռեյտինգային ընտրակարգի ամրագրումն արվել է հատուկ այն բանի համար, որ ընտրություններից հետո անվանական հասկանան՝ ով որքան ձայն է բերել կուսակցությանը:
Սիմոնյանն ասաց՝ մյուս տարբերակն էլ եղել է այն, որ գումարը տրվել է կոնկրետ ընտրատարածքում գործողությունների համար, և դրա դիմաց ներկայացվել է հաշվետվություն: