«Դատարանի որոշման վերաբերյալ կարճ կարող եմ ասել, որ փաստացի կա դատավոր, որն արձանագրում է, որ Գագիկ Ծառուկյանը չկա այնքան, որ կարողանա ազդել որևէ մեկի վրա»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով դատարանի՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը մերժելուն: Նա հիշեցրեց դատախազության հայտարարությունը դատարանի որոշումը բողոքարկելու մասին:
Անդրադառնալով Ծառուկյանի հայտարարությանը, թե հարուցված քրեական գործն իր նկատմամբ քաղաքական հետապնդում է, Սիսակ Գաբրիելյանը հակադարձեց՝ քրեական գործ հարուցելու հիմք դարձած հիմնական փաստաթղթերից մեկը հայտնաբերվել է դեռ փետրվարին, և դրանից հետո երբ հարցաքննվել են որոշակի անձինք, տեղի է ունեցել ԲՀԿ հայտարարությունը:
«Այս ամեն ինչը երբ համադրում ենք ժամանակագրությամբ, ակնհայտ պարզ է դառնում, որ իրենց հաստատ հասանելի կլիներ այս ինֆորմացիան: Քաղաքական հետապնդման մասով ինչ էլ արվեր, մենք գործ ունենք քաղաքական երկրորդ ուժի ղեկավարի հետ, անտրամաբանական կլիներ, որ հակառակը չպնդեր ԲՀԿ-ն և ասեր, որ այստեղ քաղաքական հետապնդում չկա, մեր կուսակցության ղեկավարը մեղավոր է և պետք է պատժվի: Բայց մի պարզ բան ասեմ. եթե կա քաղաքական հետապնդում, ես չեմ տեսել այդպիսի քաղաքական հետապնդում, որ հետապնդվողը ազատության մեջ լինի»,- նշեց Գաբրիելյանը:
Խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Սուրեն Գրիգորյանն էլ հավելեց՝ փաստը, որ ԱԺ-ն քրեական հետապնդում իրականացնելու թույլտվություն տվել է, այն արդեն իրականացվում է և կախված չէ խափանման միջոցից:
«Քրեական հետապնդում իրականացնել-չիրականացնելը կախված չէ զուտ՝ խափանման միջոցը ընտրվում է թե չի ընտրվում: Եվ ոչ մի դեպքում պետք չէ միախառնել այն հարցերը, որոնք քննարկվել են ԱԺ-ի կողմից, և այն հարցերը, որոնք քննարկվել են դատարանի կողմից: ԱԺ-ն երբեք չի հավակնել, որ ինքն է վերջնական որոշում կայացնողը՝ պատգամավորը պե՞տք է ազատությունից զրկվի, թե՞ ոչ»,- նշեց Գրիգորյանը: