Գերմանիայի կառավարությունը դատապարտել է անկարգությունները Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում, որի ժամանակ 19 ոստիկան է վիրավորվել: Երկրի իշխանություններն իրենց աջակցությունն են հայտնել կարգ ու կանոնի պահպանմանն ուղղված իրավապահ մարմինների աշխատանքին, ասել է կառավարության կաբինետի խոսնակ Շտեֆեն Զայբերտը:
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն էլ հայտարարել է, որ «ոստիկանների վրա հարձակումները պետք է հետապնդվեն դատական կարգով՝ օրինական պետության տրամադրության տակ եղած բոլոր միջոցներով»:
Շտուտգարտի խռովությունները բռնկվել են հունիսի 21-ի գիշերը, երբ ոստիկանությունը կանգնեցրել էր 17-ամյա դեռահասին՝ թմրանյութերի հետ կապված հանցագործության մեջ նրա ներգրավվածությունը ստուգելու համար: Դեռահասին համերաշխությունն է հայտնել մոտակայքում գտնվող մոտ 200-300 մարդ, որոնք սկսել են քարեր ու շշեր նետել ոստիկանների ուղղությամբ: Այնուհետև անկարգությունների մասնակիցների թիվը կրկնապատկվել է:
Իրավապահների ձեռնարկած գործողության արդյունքում ձերբակալվել է 24 մարդ, նրանց կեսը Գերմանիայի քաղաքացիություն ունի, մնացածը օտարերկրացիներ են: Դա հիմք է տվել ենթադրելու, որ անկարգությունները քաղաքական կամ կրոնական դրդապատճառներ չեն ունեցել: