Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ կառավարությանը` Արցախին ՀՀ պետական բյուջեից 12,600,000,000 դրամ գումարի չափով բյուջետային վարկ տրամադրելու գործադիրի ընդունած որոշման համար:
«Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը Ձեզ և ՀՀ կառավարությանը` գործադիրի այսօրվա որոշման համար, որի համաձայն՝ Արցախի Հանրապետության տնտեսությանն աջակցելու նպատակով ՀՀ պետական բյուջեից 2020թ. առաջին կիսամյակում Արցախի Հանրապետության կառավարությանը տրամադրվելու է 12,600,000,000 դրամ գումարի չափով բյուջետային վարկ:
Հավատացնում եմ՝ այդ գումարի կարիքն Արցախի տնտեսությունը շատ ուներ, հատկապես՝ համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքները հաղթահարելու առումով: Այն ամբողջությամբ կուղղենք սոցիալ-տնտեսական խնդիրների կարգավորմանը: Այս որոշումը ևս մեկ օրինակ է Արցախի բնակչության անվտանգության ու զարգացման գործում Հայաստանի Հանրապետության իշխանությունների ստանձնած հանձնառությունների հետևողական կատարման»,- գրել է Արայիկ Հարությունյանը: