«ՍԴ-ն ու այնտեղ գտնվող դատավորները պետք է օժտված լինեն հետևյալ չափորոշիչներով. նախ և առաջ պրոֆեսիոնալիզմ, չեզոքություն, վստահելիություն, թափանցիկություն և անբեկանելի հեղինակություն»,- հայտարարեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով ՍԴ ճգնաժամը լուծելու նպատակով ներկայացված Սահմանադրության փոփոխություններին:
Նրա խոսքով՝ եթե չենք ապահովում ՍԴ անբեկանելի հեղինակությունը, ապա չունենք արդյունավետ սահմանադրական արդարադատության որևիցե լծակ, որևիցե միջոց:
«Ցավում եմ. հատկապես վերջին շրջանում խոսելով ՍԴ մասին, հետևելով ՍԴ վարքագծին՝ ավելի շատ տեսնում ենք քաղաքական մարմին, քան արդարադատություն իրականացնող: Սա անթույլատրելի է»,- շեշտեց նա:
Ըստ Վարդանյանի՝ ներկայացված օրինագիծը ինստիտուցիոնալ է և նպատակ ունի ուժեղացնել ՀՀ-ում սահմանադրական արդարադատությունը:
«Անթույլատրելի է ունենալ ՍԴ, որտեղ կան տարբեր կարգավիճակներ, որտեղ կան արտոնյալներ և ոչ արտոնյալներ, որտեղ կան անձինք, ում լիազորություններն ավելի ուշ են սկսվել և ավելի շուտ են ավարտվելու, որտեղ կան անձինք, որոնք փորձում են ասել՝ մենք անձեռնմխելիության ավելի մեծ ծավալ ունենք, քան մյուսները: Այս ամենը հանգեցնում է նրան, որ սահմանադրական արդարադատության համակարգը սկսում է խարխլվել:
ՀՀ-ում պետք է ՍԴ, անկախ, պրոֆեսիոնալ ՍԴ, և որ առավել կարևորն է՝ ՍԴ, որի հեղինակությունն անբեկանելի է թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կողմից»,- ասաց նա: