ԱԺ «Իմ քայլը» խմբնակցության ղեկավար Լիլիթ Մակունցը սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ նշեց, որ շուրջ 1.5 տարի է՝ իշխող ուժը ՍԴ ճգնաժամից լավագույնս դուրս գալու համար լուծման տարբերակներ է փնտրում: Մակունցը հիշեցրեց ՍԴ ճգնաժամի լուծման անցած ճանապարհը:
«Այս 1.5 տարվա ընթացքում մենք ունեցել ենք հնարավորություն, նաև ՍԴ-ն է ունեցել հնարավորություն՝ ինքնուրույն վերափոխվելու, ինքնաբարեփոխվելու: Եվ այդ առումով ԱԺ ձևավորումից հետո ունեցել է հանձինս մեզ՝ պատգամավորներիս, գործընկերներ բարեփոխումներ իրականացնելու համար: Ցավոք, ոչ միայն դա տեղի չունեցավ, այլ տեղի ունեցան շատ այլ անընդունելի զարգացումներ: ԱԺ-ն քայլեր կատարեց անկախ ՍԴ ունենալու համար: Ի պատասխան մեր այդ նախաձեռնությունների՝ մեր բոլոր գործողությունները սահմանափակվեցին, ինչից հետո որոշում կայացվեց անցկացնել հանրաքվե:
Մենք մնում ենք այն համոզման, որ, իհարկե, դա կլիներ լավագույն տարբերակը իրավիճակը շտկելու համար, բայց կորոնավիրուսով պայմանավորված՝ մենք չենք կարող իրականացնել սահմանադրական հանրաքվե:
Մենք ՀՀ քաղաքացիների դատին ենք ներկայացնում այն նախագիծը, որն այսօր դրվել է քննարկման: Իհարկե, այս ուծումը, կարծում եմ, միջանկյալ լուծում է, և դրա համապարփակ և խորքային անդրադարձն ու լուծումեն կտրվի խորքային սահմանադրական փոփոխությունների արդյունքում»,- նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: