Այս փոփոխությունը տեխնիկական չեմ որակի, և սա ՍԴ մոդելը կյանքի կոչելու օրինակ է՝ ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով ԱԺ անկախ պատգամավորի հարցին: Արման Բաբաջանյանը հետաքրրվել էր, թե արդյոք ԱԺ-ՍԴ հաշտեցման միջոցների մասին մտածե՞լ են սահմանադրական «տեխնիկական» փոփոխությունների նախագիծը մշակելիս:
«2015-ի փոփոխություններով սահմանվել է 12 տարի պաշտոնավարման ժամկետ: Մեր կարծիքով՝ անցումային դրույթով դրա կյանքի կոչումը չափազանց երկար ժամկետում է սահմանվել, որը իմաստազրկում է դրա կյանքի կոչումը պրակտիկայում: Մենք, հետևաբար, բերել ենք էս նախագիծը՝ նաև հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը»,-նշեց Բադասյանը:
Արդարադատության նախարարը հավելեց, որ դատական համակարգում առհասարակ հիմնական գործիքներից մեկը, որով արդարադատության որակը հնարավոր է բարձրացնել, ի թիվս այլ բարեփոխումների՝ դատավորների գույքային դրության արդյունավետ ստուգումն է: Այն դատավորները, որոնք չեն կարողանում բացահայտել իրենց եկամուտների օրինական ծագումը, իրենց հետագա պաշտոնավարումը չափազանց մեծ խնդիր է»,- ասաց նախարարը: