Մենք կարծես թե ամեն օր արձանագրվող դեպքերի բացարձակ թվի առումով կայուն իրավիճակում ենք՝ 500-600-ի շրջակայքում, և իրավիճակի ավելի բարդացում տեղի չի ունեցել: Այդ մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նրա խոսքով՝ կայուն իրավիճակը հակահամաճարակային միջոցառումների արդյունք է, քաղաքացիները սկսել են ավելի հաճախ դիմակ կրել, ձեռքերը լվանալ և պահպանել սոցիալական հեռավորություն:
Ա.Թորոսյանն ասաց, որ կարևոր է համավարակի ցածր ցուցանիշի պահպանումը, քանի որ ցածր թվերի դեպքում է միայն հնարավոր ունենալ քիչ թվով մահեր:
Նախարարը տեղեկացրեց, որ առողջապահական ներուժը թույլ է տալիս այն քաղաքացիներին, որոնք ունեն հոսպիտալացման կարիք, հրատապ հոսպիտալացնել, և նրանք այլևս ստիպված չեն լինի սպասել տանը: «Ըստ էության, սա աննախադեպ մոբիլիզացիա է առողջապահական ռեսուրսների՝ ուղղված քաղաքացիների բուժմանը, որը երբեք, սակայն, չպետք է փոխարինի հակահամաճարակաին միջոցառումներին»,- ասաց Թորոսյանը:
Նա հայտնեց, որ այս պահին ունենք ծանր վիճակում գտնվող 504, ծայրահեղ ծանր՝ 123 քաղաքացի, թոքերի արհեստական շնչառական սարքին միացված է 44 քաղաքացի, ընդհանուր՝ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 627 պացիենտ կա, ինչն, ըստ նախարարի, նշանակում է, որ իրավիճակը շարունակում է ծանր մնալ: