Շարունակվում է ՀՀ Ազգային ժողովի վերազինումը ժամանակակից խորհրդարանի համար անհրաժեշտ նոր բաղկացուցիչներով: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը:
«Մեծ ուրախությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ պատգամավորների, աշխատակազմի աշխատակիցների համար հիմնել և տեխնոլոգիական վերջին չափանիշներով հագեցրել ենք ՀՀ Ազգային ժողովի էլեկտրոնային գրադարանը: Ուրախ եմ նշել նաև, որ բանակցել ենք միջազգային գրադարանների հետ և ստացել վերջիններիս էլեկտրոնային գրքերի բազաներից օգտվելու հնարավորություն:
Դրանք են․
Միջազգային էլեկտրոնային գրադարաններ`
1. World Digital Library-ն՝ Համաշխարհային թվային գրադարանը (WDL), որը ԱՄՆ նախագիծ է: Այն Կոնգրեսի գրադարանն է, որն իրականացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ և աշխարհի տարբեր երկրների գրադարանների, արխիվների, թանգարանների, ուսումնական հաստատությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ: WDL-ն ինտերնետում բազմալեզու ձևաչափով հասանելի է դարձնում բոլոր երկրների մշակույթների կարևոր և առաջնային նյութեր:
2. Economist-ը տնտեսությանն առնչվող նորությունների պարբերական է, ներառում է աշխարհի բոլոր երկրներում առկա տնտեսական իրավիճակի մասին նորություններ, վերլուծություններ, համեմատություններ։
3. JSTOR-ը թվային գրադարան է գիտնականների, հետազոտողների և ուսանողների համար։ Հավաքածուներում ընդգրկված են գիտական աշխատություններ, գրականության մասին ամսագրեր, գիտական մենագրություններ, վստահելի ինստիտուտների հետազոտական զեկույցներ, 250-ից ավել հայտնի գիտնական հրատարակիչների ավելի քան 85,000 դասագիրք:
4. LexisNexis-ը իրավական, կարգավորող և գործարար տեղեկատվության և վերլուծության առաջատար գլոբալ մատակարար է․ օգտակար է փաստաբանների, կորպորացիաների համար, գործընկեր է առաջատար համաշխարհային ասոցիացիաների և հաճախորդների հետ։
5. EUR-lex-ը ԵՄ օրենսդրության առցանց հարթակ է, որն ապահովում է ԵՄ իրավաբանական փաստաթղթերին պաշտոնական և առավել ընդգրկուն հասանելիություն: Հասանելի է ԵՄ բոլոր 24 պաշտոնական լեզուներով, որը թարմացվում է յուրաքանչյուր օր:
Հայալեզու էլեկտրոնային գրադարաններ
6. ՀԱՀ Հայ մատենագրության թվանշային գրադարանում՝ «Հայ մատենագրութեան թուանշային գրադարան»-ում տեղադրված են բաց մատչելիության տեքստեր, գրքեր և հոդվածներ։
7. Մատենադարանի թվային գրադարանը Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ՝ Մատենադարանի թվային գրադարանն է, որտեղ առկա են բազմաթիվ էլեկտրոնային ոչ միայն պատմական գրքեր, այլև գիտահետազոտական հրատարակություններ, որոնք հասանելի են հանրությանը։
8. ՀԱԱՀ գրադարանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի էլեկտրոնային գրադարանն է, որտեղ կան բազմաթիվ էլեկտրոնային գրքեր օգտակար հետազոտություններ կատարելու կամ օրենսդրություն մշակելու համար։
9. ԵՊՀ հրատարակչությունը Երևանի պետական համալսարանի էլեկտրոնային գրադարանն է, որտեղ հասանելի են տարբեր ոլորտների վերաբերյալ բազմաթիվ էլեկտրոնային գրքեր, գիտահետազոտական աշխատություններ»,- գրել է Տ.Գալստյանը։