Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցը սկսեց նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված՝ երկրում տիրող իրավիճակը որակելով ծանր: Վարչապետը նշեց, որ ունենք կայուն իրավիճակ, բայց խնդիրն այն է, որ չկա երաշխիք, որ կայունությունը կպահպանվի, և, հետևաբար, միակ գործիքը հակահամաճարակային կանոնները խստիվ պահպանելն է:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց երեք պարզ կանոնները՝ դիմակ կրել, հաճախ լվանալ ու ձեռքերն ախտահանել և սոցիալական հեռավորություն պահպանել, որոնք մեզ կօգնեն չվարակել ու չվարակվել կորոնավիրուսով:
«Կարող եմ արձանագրել, որ, ըստ էության, այն խնդիրը, որ մենք դրել էինք, լուծվում է, և դիմակների գները շուկայում ընկնում են, և դրանք ամեն շաբաթվա հետ դառնում են ավելի մատչելի»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ հաջորդ ուղղությունը առողջապահական կարողությունների զարգացումն է, որ հնարավորինս բարձրորակ ծառայություն մատուցվի կորոնավիրուսով վարակված հայրենակիցներին:
Վարչապետը հիշեցրեց, որ բավականին մեծ թվով թթվածնային սարքեր են ձեռք բերվել պետական բյուջեի միջոցների հաշվին, որն ավելի կթեթևացնի ծանր վիճակում գտնվող հիվանդների վիճակը: Փաշինյանը հավելեց՝ նկատելի է, որ ամեն օր ավելի շատ քաղաքացիներ են հետևում հակահամաճարակային կանոններին, բայց քանի դեռ թվերի կտրուկ անկում չունենք, չենք կարող ասել, որ հակահամաճարակային կանոններին հետևում ենք բավարար չափով, և հաղթահարման գործիքը էլի մնում է հակահամաճարակային համընդհանուր շարժումը:
«Վարակի տարածման գործակիցը հիմա 1.1 է, այսինքն՝ մեկ վարակված մարդը վարակում է 1.1 մարդու, 10 հոգին՝ 11 մարդու, բայց ես ուզում եմ սրա հակադարձ բանաձևը առաջարկել, որ ամեն տասը հոգին, որոնք պահպանում են հակահամաճարակային կանոնները, իրենք ևս 10 հոգու հետևողականորեն աշխատեն՝ դրդեն, քաջալերեն, որ նրանք նույնպես պահպանեն կանոնները»,- նշեց վարչապետը՝ հորդորելով բոլոր նրանց, ովքեր հնարավորություն ունեն, օրվա մեջ 5 րոպե տրամադրեն քաղաքացիներին 10-20 դիմակ բաժանելուն: