Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկում է ԱԺ պատգամավորների մեկ քառորդի կողմից ներկայացված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը:
Հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նախագիծը ներկայացվում է նոր խմբագրմամբ: Պատգամավոր Սուրեն Գրիգորյանն առաջարկել է Սահմանադրական դատարանի անդամի թափուր տեղերի համար առաջադրումները կատարել թափուր տեղն առաջանալուց հետո ոչ թե մեկամսյա, այլ երկամսյա ժամկետում: Առաջարկն ընդունվել է:
Վ.Հովակիմյանն ասաց, որ փոփոխության արդյունքում կդադարեցվի ՍԴ երեք անդամի պաշտոնավարումը, ՍԴ չորս անդամները կշարունակեն պաշտոնավարել: ԱԺ պատգամավորի խոսքով՝ նախագծի ընդունմամբ՝ ՍԴ նախագահի լիազորությունները կդադարեցվեն, սակայն Հրայր Թովմասյանը կշարունակի գործել որպես ՍԴ անդամ:
«Այս փոփոխությունը հանուն Հայաստանի Հանրապետության է, հանուն վստահություն վայելող և լեգիտիմ Սահմանադրական դատարան ունենալու մեր տեսլականի»,- խոսքը եզրափակեց Վ.Հովակիմյանը:
Հարակից զեկուցող Նազելի Բաղդասարյանը հայտարարեց, որ Սահմանադրական դատարանի երկարամյա ճգնաժամը լուծվում է: «Մեզ ասում են, որ մենք Սահմանադրական կարգ ենք տապալում, բայց դա այդպես չէ, մենք վերադարձնում ենք Սահմանադրությանն իր ոգին և հավատարիմ ենք մնում մեր որդեգրած սկզբունքներին»,- ասաց պատգամավորը:
Արդարադատության նախարարը նշեց, որ նախագծով բոլոր այն ՍԴ դատավորների, որոնք ավելի քան 12 տարի աշխատել են, այդ թվում՝ ՍԴ նախագահի, պաշտոնավարումը դադարեցվելու է: Ռուստամ Բադասյանի խոսքով՝ ՀՀ քաղաքացիներն ուզում են անկախ, չկոռումպացված դատական համակարգ, իսկ այս գործընթացին դիմադրում են նախկին կոռումպացված համակարգի շահառուները: «Բայց մենք պետք է ի կատար ածենք ժողովրդի ցանկությունը, քանի որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին»,- ասաց նախարարը:
Խորհրդարանը 89 դեմ ձայնով մերժեց Սահմանադրական փոփոխության վերաբերյալ հարցով ՍԴ դիմելու որոշման նախագիծը:
Այնուհետև ԱԺ պատգամավորները 89 ձայնով երկրորդ ընթերցմամբ ընդունեցին մեկ քառորդի կողմից առաջարկված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը: