Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ ճանապարհով փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ Երևանում բնակվող 46-ամյա մի տղամարդ, որը բեռնափոխադրող ընկերություններից մեկում վարորդ է աշխատում, արտերկրից մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներկրում տարբեր տեսակի թմրամիջոցներ։
Օպերատիվ տվյալների հիման վրա թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության այլ ստորաբաժանումների, ինչպես և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության գործընկերների հետ, ձեռնարկել են հետախուզական տարաբնույթ միջոցառումներ։
Հունիսի 16-ին կասկածյալը հայտնաբերվել է Երևան-Աշտարակ ճանապարհին ու, խոշոր բեռնատարով հանդերձ, բերման ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին։ Բեռնատարի զննությամբ հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածներով փաթեթներ՝ ընդհանուր 164 գրամից ավելի քաշով։
Դրանք ուղարկվել են փորձաքննության։ Փորձագետի եզրակացության համաձայն՝ փաթեթներում մեթադոն և կոկաին էին։ Նախնական տվյալներով՝ տղամարդը թմրամիջոցները ձեռք է բերել Ռուսաստանում։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ 46-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: