Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ֆեյսբուքի էջում անդրադառնալով Փախստականների միջազգային օրվան, նշել է.
«Փախստականների իրավունքների հարցում պետության պարտավորությունների նշաձողը բարձր է՝ իրենց իրավունքների մասին օբյեկտիվորեն նրանց քիչ տեղեկացված լինելու և այլ պատճառներով: Յուրաքանչյուր երկրում փախստականները պետք է լինեն հավասարապես ամուր պաշտպանված, հասարակությանը լիարժեք ինտեգրված։
Եվրոպական երկրների մարդու իրավունքների հաստատությունների միջազգային կառույցը (ENNHRI) այս տարվա զեկույցում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձն այս ոլորտում ճանաչել է առաջատարներից մեկը։
Այսօր կարևոր [առցանց] կոնֆերանս էր կազմակերպվել Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի նախաձեռնությամբ և ՀՀ միգրացիոն ծառայության ու ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR) հայաստանյան գրասենյակի իրագործմամբ:
Թե՛ ՀՀ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի, թե՛ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակի ղեկավար Աննա-Կարին Օստի հետ իրականացնում ենք համատեղ արդյունավետ ծրագրեր, որոնք ուղղված են փախստականների իրավունքների պաշտպանությանը»: