«Իմ քայլը» խմբակցության նիստից հետո ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ հաջորդ շաբաթ հնարավոր է ԱԺ արտահերթ նիստ հրավիրվի:
Սիմոնյանի խոսքով՝ խմբակցության նիստում վարչապետը ելույթ է ունեցել, հնչել են հարցեր, խմբակցության անդամների ելույթներ: Վերջում վարչապետը հանդես է եկել ամփոփիչ խոսքով:
ԱԺ փոխնախագահը մանրամասնեց, որ քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, ներքաղաքական հարցեր, անդրադարձ է եղել խմբակցության աշխատանքին:
Սիմոնյանն անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հեղինակած Սահմանադրության փոփոխությունների նախագծին:
Հիշեցնենք, նախագծով նախատեսվում է դադարեցնել ՍԴ անդամների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի, և նրանց փոխարեն նշանակել ՍԴ նոր դատավորներ:
Սիմոնյանը տեղեկացրեց, որ երկուշաբթի կամ երեքշաբթի արդեն կլինի Վենետիկի հանձնաժողովի կարծիքը: Նա շեշտեց՝ զարգացումները տարբեր ժամանակահատվածներում տարբեր լուծումներ են առաջարկում: Քննարկման փուլում կարող են շատ բաներ փոխվել
Սիմոնյանն անդրադարձավ հարցին, թե ինչու իշխանությունը հրաժարվեց Սահմանադրության փոփոխությունները հանրաքվեի դնելու մտքից, փոխարենը այն ներկայացվում է խորհրդարան: «Հանրաքվեն թերևս ամենալավ տարբերակն էր, բայց համաճարակի պատճառով, հասկանալի է, հանրաքվե հնարավոր չէ: Այդ պարագայում մնում է երկրորդ տարբերակը՝ ժողովրդի կողմից 72 տոկոս քվե ստացած ուժի միջոցով գտնել հարցի պատասխանը: Բոլորս հասկանում ենք, որ այսօրվա վիճակով ՀՀ-ում հնարավոր չէ հանրաքվե անցկացնել»:
Հարցին, միգուցե հանրաքվե անցկացնելու դեպքում նախագիծը չանցներ, Սիմոնյանը հակադարձեց. ««Միգուցե»-ով իրադարձություններ տեղի չեն ունենում»: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ ՀՀ քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը վստահում է ՀՀ իշխանությանը, վստահում է ՀՀ վարչապետին:
«Այն հեքիաթները, որ որոշ մարդիկ իրենց լրատվամիջոցներով հորինել են, իրենք իրենց հավատացրել են, իրականությանը չեն համապատասխանում»,- շեշտեց նա:
Սիմոնյանն անդրադարձավ նաև վեթթինգի գործընթացին, վստահեցնելով, որ դատաիրավական բարեփոխումների միջոցով լուծվելու են առկա խնդիրները: «Բոլոր հարցերը՝ լինի վեթթինգը, լինի ստեղծված իրավիճակը, քայլ առ քայլ լուծվում են և լուծվելու են»,- պնդեց նա: