ՀՀ միգրացիոն ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր տեղի է ունեցել առցանց համաժողով «Յուրաքանչյուր գործողություն կարևոր է. Փախստականների իրավունքների արդյունավետ և հարատև պաշտպանությունը Հայաստանում» խորագրով՝ նվիրված Փախստականների համաշխարհային օրվան։
Համաժողովը մեկնարկել է ՄԱԿ-ի փախստականների հարցով գլխավոր հանձնակատար Ֆիլիպպո Գրանդիի տեսաուղերձով, որին հաջորդել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի տեսաուղերձը։ Նախարարը ներկայացնելով վերջին երեսնամյակում դեպի Հայաստան տեղահանված զանգվածային հոսքերը, մասնավորապես, Ադրբեջանից, Իրաքից և Սիրիայից՝ մատնանշել է ոլորտի մարտահրավերները։ «Երկու կետ եմ ուզում ընդգծել։ Առաջինը՝ միջազգային համերաշխությունն է, որը սահմանված է նաև 1951 թ. Փախստականների կոնվենցիայում, երկրորդը, որը մնում է ժամանակի հրամայականը, մարդասիրական ճգնաժամի քաղաքականացումը բացառելն է։ Ոչ մի հանգամանք չպետք է ստիպի գործիքավորել փախստականներին և տեղահանված անձանց քաղաքական նպատակներով»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ միջազգային համագործակցությունը մարդասիրական մարտահրավերներին, մասնավորապես, փախստականությանը, արդյունավետորեն ծառայեցնելու գործը պետք է սահմաններ չունենա և լինի հնարավորինս ներառական։
ԱԳ փոխնախարար Արտակ Ապիտոնյանը ներկայացրել է օրվա խորհուրդը, պատմությունը, վկայակոչել Ազգերի լիգայի փախստականների հարցերով առաջին գերագույն հանձնակատար Ֆրիտյոֆ Նանսենին, նրա ծավալած մարդասիրական գործունեությունը։ «Հայաստանում փախստականների ինտեգրման և նրանց քաղաքացիություն շնորհելու փորձը ՄԱԿ ՓԳՀ-ը գնահատել է որպես աշխարհում փախստականների նատուրալիզացման լավագույն փորձերից: Ավելորդ է նշել, որ մեզ համար մշտապես քաղաքակրթորեն խորթ է եղել փախստականների խնդիրները շահարկելու և դրանք քաղաքական ճնշման գործիք դարձնելու ամոթալի գործելակերպը»,- ասել է փոխնախարարը՝ ավելացնելով, որ չնայած սահմանափակ ֆինանսական կարողություններին՝ Հայաստանը այժմ էլ հանդես է գալիս որպես փախստականներ ընդունող երկիր՝ ապաստան տրամադրելով տարբեր ժամանակներում պատերազմից և ներքին տագնապներից տուժած մարդկանց:
Միջոցառմանը, որն ուղղված էր փախստականների խնդիրների բարձրաձայնմանը, դրանց գույքագրման հարցում նոր մոտեցումների մշակմանը՝ հետագայում քաղաքականությունների մշակմանն աջակցելու, նոր մարտահրավերներին դիմակայելու և լուծումներ առաջարկելու նպատակով, մասնակցել են ԱԺ պատգամավորներ, պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներ, ոլորտի հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փախստականներ՝ Հայաստանից, ԱՄՆ-ից և ԵՄ-ից։
Մեջբերելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին` Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող պարոն Շոմբի Շարփն ասել է․ «Այս տարի կորոնավիրուսի համաճարակը հավելյալ ուշադրություն թելադրեց փախստականների և տեղահանված անձանց նկատմամբ, որոնք խոցելի անձանց շարքում են։ Իմ վերջին՝ Covid-19 հակիրճ քաղաքականության և «Մարդիկ շարժման մեջ» փաստաթուղթը կոչ է կառավարություններին՝ համոզված լինելու, որ իրենք առավելագույնս ընդգրկված են արձագանքի և վերականգնողական գործողություններում»։
ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստի խոսքով՝ Փախստականների համաշխարհային օրը նշանավորում է այն մարդկանց ուժն ու տոկությունը, որոնք ստիպված են եղել դիմել փախուստի և գտել են ապահով հանգրվան, նոր կյանք սկսելու խիզախություն են ունեցել նոր երկրում, որը կարող են տուն համարել։ «Փախստականներն իրենց հետ հմտությունների, գիտելիքների և փորձառության մեծ բազմազանություն են բերում։ Հնարավորության դեպքում նրանք կարող են շոշափելի ներդրումներ ունենալ իրենց ընդունող երկրի զարգացման գործում»,- նշել է նա՝ հավելելով, որ ՄԱԿ ՓԳՀ-ն դիմում է բոլորին՝ օգնելու շարունակել համերաշխության գլոբալ շարժումը, որում յուրաքանչյուրը կարող է փոփոխություն կատարել, և բոլորը հաշվվում են, երբ խոսքը վերաբերում է բոլորի, ներառյալ փախստականների, տեղահանված և քաղաքացիություն չունեցող անձանց ներառման, հարգանքի և արժանապատվության խթանմանը:
Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը անդրադարձել է օրեցօր ի հայտ եկող նոր մարտահրավերներին՝ նշելով Հայաստանում ապաստանի համակարգի կատարելագործմանն ուղղված աշխատանքները։ «Նախորդ տարի մեկնարկել ենք բնակարանի գնման վկայականների ծրագիրը։ Միջազգային գործընկերների հետ փորձում ենք օժանդակել սիրիահայ փախստականների ինտեգրման հարցերին»,- ասել է նա՝ որպես հայաստանյան ինտեգրման լավագույն փորձ փախստականների՝ ՀՀ քաղաքացուն գրեթե համահավասարեցված իրավունքների շարքում ընդգծելով աշխատանքի իրավունքը։
Մարդու իրավունքների պաշտպան Արմանը Թաթոյանն ընդգծել է փախստականների՝ իրավունքների խախտման առումով առավել խոցելի լինելու հանգամանքը՝ պայմանավորված լեզվական, մշակութային և այլ տարբերություններով և այդ առիթով շեշտադրել, որ պետության պաշտպանական մեխանիզմների նշաձողը պետք է առավել բարձր լինի։
ՄԶՄԿ նախագահ Թևան Պողոսյանի առաջարկը՝ ստեղծելու փախստականների միասնական հարթակ, ողջունել են մասնակիցներից շատերը։
Հավաքագրված հարցերի շրջանակը կմշակվի կազմակերպիչների կողմից՝ որպես ոլորտի հիմնախնդիրների, մարտահրավերների և լավագույն փորձի կատեգորիաներ։ Դրանց հիման վրա կմշակվեն առանձին օրակարգեր՝ գրանցված հարցերը առանձին քննության առարկա դարձնելու նպատակով։
Համաժողովը կազմակերպվել էր ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության, ՄԱԿ-ի փախստականների գործակալության Հայաստանի գրասենյակի և «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ համատեղ ջանքերով։