ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ մասնագետները Ռուսաստանից Հայաստան տեղափոխված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիայում շարունակում են համատեղ իրականացնել կորոնավիրուսային հիվանդության հետազոտություններ` ՊՇՌ թեստերի միջոցով։
«Համատեղ աշխատանքները, ինչպես նաև վերջին շրջանում ռազմաբժշկական վարչության կողմից ընդլայնված կարողությունները հնարավորություն են տալիս օրական կատարել շուրջ 200 նմուշի հետազոտություն, թիրախային խմբերում արագ հայտնաբերել վարակակրին և կանխել կորոնավիրուսի հետագա տարածումը զինված ուժերում։
Ռուս մասնագետները տարվող աշխատանքներին զուգահեռ դասընթացներ են անցկացնում զինվորական բժիշկ-մասնագետների խմբի համար։ Ռուս գործընկերների հսկայական փորձը հետագայում կծառայի ի նպաստ ԶՈՒ բժշկագիտության զարգացմանը և ստացիոնար նմանատիպ լաբորատորիա ունենալու և կիրառելու գործին։
Բանակն առողջ է, կանխարգելիչ աշխատանքները շարունակվում են»,- տեղեկացրել է ՊՆ մամուլի խոսնակը։