Իտալիայում կարանտինային ռեժիմի թուլացումից հետո առաջին անգամ Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինն ընդունելություն է կազմակերպել, որին ներկա են եղել մի խումբ բուժաշխատողներ: Կաթոլիկ աշխարհի հովվապետն իր երախտագիտության խոսքն է ասել իտալացի բժիշկներին՝ իրենց կատարած աշխատանքի համար: Թեմային անդրադարձել է Reuters գործակալությունը:
«Դուք ամբողջ երկրին աջակցող հենասյուներից մեկն եք: Այստեղ գտնվող բուժաշխատողներին և ամբողջ երկրի ձեր գործընկերներին իմ հարգանքն ու խորին շնորհակալությունն եմ հայտնում՝ քաջ գիտակցելով, որ փոխանցում եմ յուրաքանչյուրի զգացողությունը»,- հայտնել է Ֆրանցիսկոս Առաջինը:
Հռոմի Պապը բուժաշխատողներին շնորհակալություն է հայտնել «հրեշտակ» լինելու համար: Ֆրանցիսկոս Առաջինը հիշատակել է նաև այն, որ իտալացի բուժաշխատողներն իրենց բջջային հեռախոսները փոխանցել են մահացող պացիենտներին՝ իրենց հարազատներին վերջին հրաժեշտը տալու համար:
Իտալիայում կորոնավիրուսից մահացել է 35000 մարդ: Հռոմի Պապը հարգանքի տուրք է մատուցել նաև կորոնավիրուսից մահացած 170 բժիշկների հիշատակին: