Վաղուց ժամանակն է, որ մենք ավելի մեծ ուշադրություն դարձնենք փախստականների ու ներքին տեղահանված անձանց արտաքին ու ներքին իրավունքների պաշտպանության վրա, և ես իմ լիազորությունների ու կարողությունների շրջանակներում փորձում եմ հնարավորինս անել այդ ուղղությամբ: Այս մասին Ֆեյսբո(քի իր էջում գրել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
«1988թ. ի վեր ադրբեջանական իշխանությունների էթնիկ զտման քաղաքականության (ցեղասպանական գործողությունների) և ադրբեջանա-ղարաբաղյան 1991-1994թթ. պատերազմի հետևանքով հարյուր հազարավոր (ըստ որոշ փորձագիտական գնահատականների՝ գրեթե 500,000) հայեր դարձել են փախստական կամ ներքին տեղահանված: Նրանք ենթարկվել են կոտորածների, բռնաճնշումների, հայրենազրկման, սեփականազրկման ու այլ զրկանքների՝ միայն էթնիկ պատկանելիության պատճառով:
Նրանց հիմնական մասը սկզբում հանգրվանել էր Արցախի և Հայաստանի Հանրապետություններում, սակայն պատերազմի ընթացքում մի մասն Ադրբեջանի կողմից ենթարկվեց կրկնակի թիրախավորման՝ կրելով լրացուցիչ զրկանքներ: Արդյունքում՝ շատերը արտագաղթեցին այլ երկրներ, իսկ ովքեր մնացին Արցախի Հանրապետությունում, աստիճանաբար ինտեգրվեցին տեղի հասարակությանը՝ դառնալով ԱՀ լիիրավ քաղաքացիներ:
Ցավոք, ո՛չ էթնիկ զտման, ո՛չ էլ դրա հետևանքների վերացման ընթացքում հայ (հատկապես՝ արցախաբնակ) փախստականներն ու ներքին տեղահանվածները չեն ստացել միջազգային որևէ լուրջ մարդասիրական ու իրավաքաղաքական աջակցություն՝ ի տարբերություն ադրբեջանցի փախստականների:
Ավելին, հաճախակի նկատելի են կողմնակալ միջազգային հայտարարություններ, որոնք հակամարտության կարգավորման գործընթացում արհեստական առավելություն են տալիս ադրբեջանցի փախստականներին՝ անտեսելով հայ փախստականների իրավունքներն ու կարիքները: Եվ դա այն պարագայում, որ առ այսօր նրանց մի շարք իրավունքներ շարունակաբար մնում են խախտված Ադրբեջանի կողմից, իսկ իրենց բնակության վայրերում շատերը դեռևս ունեն սուր արտահայտված սոցիալական կարիքներ»: