1lurer.am-ը տեղեկացրել էր, որ այսօր արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հեռավար դասախոսությամբ է հանդես եկել Երևանի պետական համալսարանի, Հայաստանում Ամերիկյան համալսարանի ուսանողների և շրջանավարտների համար՝ «Հայաստանը և ցեղասպանությունների կանխարգելման քաղաքականությունը» թեմայով:
ԱԳՆ-ից տեղեկացնում է, որ դասախոսությամբ ազդարարվել է Երևանի պետական համալսարանում Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի հիմնադրումը:
«Նախարար Մնացականյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին՝ ընդգծելով նմանօրինակ ձևաչափով պարբերական շփումների անցկացման կարևորությունը: Նախարարը հանգամանալից ներկայացրել է ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջմղման ուղղությամբ հայկական դիվանագիտության կողմից երկու տասնամյակից ավել ձեռնարկվող հետևողական քայլերը:
«Հայաստանի դերակատարությունն առավել ընդգծված է այն առումով, որ մենք տարիներ շարունակ որպես միջազգային հանրության անդամ, որպես ՄԱԿ-ի անդամ, ստանձնել ենք հանձնառություն՝ հետևողականորեն առաջ տանելու կանխարգելման նպատակին ուղղված միջազգային համագործակցությունը»։
Կարևորելով վաղ նախազգուշացման և վաղ գործողությունների, համապատասխան կարողությունների ամրապնդումը՝ նախարար Մնացականյանը շեշտել է, որ կանխարգելումը սկսվում է հենց ազգային մակարդակում։ Հենց այս համատեքստում էլ Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է ազգային գիտական ներուժի լիարժեք կիրառման և այն ազգային նպատակներին ծառայեցնելու առաջնային նշանակությունը Հայաստանի արտաքին քաղաքականության համար:
Նախարարը համոզմունք է հայտնել, որ մեր գիտնականները կկարողանան ապագայում ծանրակշիռ տեղ զբաղեցնել միջազգային վերլուծական համակարգում՝ ներգրավվելով նաև կանխարգելման ուղղությամբ պրակտիկ աշխատանքում: «Մեր աշխատանքը դիվանագիտական և քաղաքական ասպարեզում թերի կմնա, եթե մեր ազգային գիտական ռեսուրսը չհամալրի և չուղղորդի մեր դիվանագիտական և քաղաքական նպատակների ու գործառույթների էությունը»:
Դասախոսության ընթացում նախարար Մնացականյանը պատասխանել է մասնակիցների՝ ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններին առնչվող հարցերին»,- տեղեկացնում է ԱԳՆ-ից: