Հունիսի 20-ին, ժամը 08։00-ին Խոսրովի անտառ պետական արգելոցում անտառտնտեսության աշխատակիցները վերսկսել են հետախուզման աշխատանքները։ Ծխացող օջախներ չեն նկատվում։
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Խոսրովի անտառ պետական արգելոցի առաջին անցակետից դեպի «Քյուսուս» տանող հատվածից ծուխ է նկատվում։ Ժամը 21:25-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել էին։ Հունիսի 19-ին, ժամը 05։30-ին վերսկսվել էին հրդեհաշիջման աշխատանքները։
Հրդեհի վայրում պարբերաբար իրականացվել էր օդային հետախուզություն՝ արգելոցի անօդաչու թռչող սարքի միջոցով։ Հրդեհը մեկուսացվել էր ժամը 19։10-ին։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 120 փրկարար ծառայող և անտառտնտեսության 16 աշխատակից։ Տեղում իրականացվում է հերթապահություն։