Միացյալ Նահանգների երեք ամենամոտ եվրոպացի դաշնակիցները հայտարարել են, որ չեն աջակցի Թրամփի վարչակազմին՝ Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցները խստացնելու որոշմանը: Չնայած դրան, եվրոպացի ղեկավարները Թեհրանին հորդորել են թույլատրել դիտորդական խմբի մուտքը երկրի գաղտնի երկու օբյեկտներ, որտեղ հավանական է միջուկային նյութերի պատրաստումը: Թեմային է անդրադարձել The Washington Post պարբերականը:
Ֆրանսիան, Գերմանիան ու Մեծ Բրիտանիան, որոնք ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի հետ 2015-ին միջուկային համաձայնագիր էին կնքել, փորձում են ուժի մեջ պահել այն՝ գործարքից Վաշինգտոնի դուրս գալուց հետո:
Եվրոպացի գործընկերները նաև հայտնել են Իրանի կողմից համաձայնագրի դրույթները խախտելու վերաբերյալ Թեհրանի հետ բանակցություններ սկսելու ցանկության մասին:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները փորձում է վերականգնել Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի բոլոր պատժամիջոցները, որոնք կասեցվել էին՝ Իրանի հետ 2015-ին կնքված միջուկային գործարքի շրջանակում: Հարկ է նշել, որ Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սահմանած զենքի էմբարգոյի ժամկետը լրանում է հոկտեմբերին: