«Հայաստանը որպես նոր երկիր փախստականի համար դրախտի նման տեղ կարող է լինել, եթե նա պատրաստ է: Ուղղակի համագործակցությունը պետք է լինի եռակողմ՝ պետությունը, կառույցներն ու ինքը»,- ասում է Նարո Օհանեսյանը: 5 տարեկան էր, երբ 2006 թվականին ընտանիքով Իրաքից եկան Հայաստան: Իրաքյան պատերազմի վտանգներից փախչելով, հայրը որոշեց՝ երեխաներն ապահով կլինեն միայն Հայաստանում:
Հունիսի 20-ը Փախստականների միջազգային օրն է․ 1lurer.am-ի հետ զրույցում Նարոն պատմեց՝ ինտեգրվելը բարդ չի եղել, ուղղակի պատրաստ են եղել փորձություններին, որոնք իրենց սպասում էին:
«Որպես հայ ես ինձ չեմ կարողանում համարել փախստական, ես միայն անձնագրով եմ փախստական ու հանգամանքի բերումով: Ես հայ եմ: Այդ մասին միշտ եմ իմացել: Ընդամենն այստեղ գալուց հետո նկատեցի, որ շուրջբոլորս հայերեն են խոսում», - ասում է աղջիկը:
Ընտանիքով այժմ հանրակացարանում են բնակվում: Իրաքից Հայաստան տեղափոխվելուց առաջ սկզբում Սիրիա են գնացել, քանի որ դեպի Հայաստան չվերթ չի եղել: Հորն առաջարկել են բնակարանով, աշխատանքով ապահովել, բայց հրաժարվել է: Երեխաների ապագան Հայաստանում տեսնող Օհանը կարգավորել է փաստաթղթերի հարցը, ու եկել են հայրենիք:
Արդեն հիմա հայրենիքում ակտիվ կամավորությամբ զբաղվող աղջնակը պատմեց, որ Իրաքի մասին իր հիշողություններն այդքան էլ պայծառ չեն, հիշում է, որ վտանգ կար, որ ամեն պահի մի պայթյուն կարող էր լինել: Մինչդեռ Հայաստանի մասին խոսելիս հիշողություններն այլ են: Ասում է՝ իր կյանքում առաջին ձյունը Հայաստանում է տեսել:
«Հիշում եմ՝ մեր բակի դիմաց շինարարություն էր, ու ավազը սարի նման փոքրիկ կանգնած էր: Առավոտյան, երբ արթնացանք, մայրս ասաց՝ ձյուն կա դրսում: Ես առհասարակ չգիտեի մինչև Հայաստան գալս, այդ 5 տարվա ընթացքում տեսել էի միայն կարկուտ: Երբ տեսա՝ միանգամից ասացի՝ Հայաստանում փոքրիկ սար է առաջացել, ու սկսեցի ընկերներիս հետ ձյան հետ խաղալ սովորել»,- պատմում է հումանիտար քոլեջն այս տարի ավարտած Նարոն, որն արդեն ընդունելության միասնական քննության է պատրաստվում:
Խոսելով փախստականների ինտեգրման հնարավորություններից՝ Նարոն շեշտեց, որ առաջինը պետք է այդ ցանկությունը հենց փախստականն ունենա: Իր օրինակով պատմեց, որ արդեն 10-ից ավելի կազմակերպություններում կամավորություն է արել, նոր ընկերներ ձեռք բերել, փորձ ու գիտելիք: Պատերազմի ժամանակ մոր ոտքն է վնասվել, ինչի պատճառով աշխատել չի կարողանում, հայրը ակտիվ է ինչպես իր աշխատանքում, այնպես էլ փախստականներին թարգմանությունների հարցում օգնելով: Աղջիկը չբացառեց, որ երբեմն տարաձայնություններ են լինում մարդկանց հետ, բայց դա չի խանգարում, որ սիրի Հայաստանը:
«Հայաստանն այն տեղն է, որն ինձ շատ բան է տվել, ինչը ես հիմա վերադարձնելու եմ: Այստեղ ստացել եմ գիտելիք, ձևավորվել որպես մարդ, զարգացել ու զարգանում եմ, բայց արդեն հասել է այն պահը, որ ես իմ թեկուզ փոքրիկ քայլերով պետք է այդ ստացածս ներդնեմ Հայաստանի համար», - ասում է Նարոն ու ավելացնում, որ Հայաստանն այն տեղն է, որին այժմ փորձում է օգնել՝ թեկուզ գետնից մարդկանց գցած դիմակները վերցնելով ու աղբարկղը նետելով: