Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախընտրական քարոզարշավի դեմ բողոքի ցույցերն ավարտվել են ձերբակալություններով: Երկրի իրավապահ մարմինները բերման են ենթարկել ակտիվիստների ու լրագրողների: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Ալեքսանդր Լուկաշենկոն, որը Բելառուսը ղեկավարում է 1994-ից, ցանկանում է արդեն վեցերորդ անգամ առաջադրել իր թեկնածությունն օգոստոսին նախանշված նախագահի ընտրություններում:
Նախքան իրավապահ մարմինների ժամանումն ընդդիմադիր թեկնածուները ստորագրահավաք են կազմակերպել Մինսկում: Ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը, որն այդ պահին կատարել է իր մասնագիտական պարտականությունները:
Բելառուսի իրավապաշտպան խմբից հայտնում են, որ երկրում անցկացված բողոքի ակցիաների ժամանակ բերման է ենթարկվել առնվազն 120 մարդ, նրանցից ոմանք արդեն ազատ են արձակվել:
Ավելի վաղ իշխանությունները ձերբակալել էին նաև Լուկաշենկոյի քաղաքական գլխավոր մրցակիցներից մեկին՝ Վիկտոր Բաբարիկոյին՝ ֆինանսական մեքենայությունների կասկածանքով:
Բելառուսում ընտրություններին առաջադրվելու համար թեկնածուները պետք է ստորագրահավաք կազմակերպեն՝ ապահովելով 100000 ձայն: