Վրաստանի իշխանությունը պատրաստակամություն է հայտնել պաշտպանել «Մթավարի արխի» հեռուստաընկերության մեկնաբան Գիորգի Գաբունիային, որը ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հայհոյանքներ էր հնչեցրել եթերից:
Այդ միջադեպից հետո լրագրողը հեռացվեց «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունից, բայց նորից եթեր վերադարձավ «Ռուսթավի 2»-ի նախկին ղեկավարների հիմնադրած՝ «Մթավարի արխի» հեռուստաընկերությունում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Վրաստանի հակաահաբեկչական ծառայությունը ձերբակալել էր Ռուսաստանի քաղաքացի, Ինգուշիայի 38-ամյա բնակիչ Վասամբեկ Բոկովին, որը, ենթադրաբար, Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի պատվերով պետք է սպաներ լրագրող Գիորգի Գաբունիային:
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանխել երկրի քաղաքացու, առավել ևս հայտնի լրագրողի դեմ ծանրագույն հանցագործությունը, և խոստացել է նախաքննության հետ կապված բոլոր տեղեկությունները հասանելի դարձնել հանրությանը: