Ռուսաստանի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին կրկին քննադատել է գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյի մասնակցությունը քարոզարշավին: Նա հայտարարել է, որ մարզիկն առևտուր է անում «ամբողջ երկրի ապագայի» և իր որդու համար:
Խոսքը վերաբերում է հունիսի 15-ին Պլյուշչենկոյի Instagram-ի էջում հրապարակված տեսանյութին, որում մարզիկի կինը որդուն պատմում է Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության մասին: Տեսագրության մեջ գեղասահորդը կոչ է արել մասնակցել հուլիսի 1-ի քվեարկությանը:
Ըստ Նավալնու՝ Պլյուշչենկոյին տեսանյութի համար վճարել են «բյուջեից գողացված փողերով»: «Հասարակայնության հետ կապերի այդ գրասենյակը ձեզ կանխիկ գումար է վճարել այս ստահոդ, զզվելի աղբը տարածելու և հրապարակելու համար,- նշել է Նավալնին: «Դուք ոչ միայն շահարկում եք ամբողջ երկրի, այլև ձեր դժբախտ երեխայի ապագան»,- ավելացրել է քաղաքական գործիչը:
Ի դեպ, հունիսի 14-ին՝ տեսանյութի հրապարակումից մեկ օր առաջ, Ռուսաստանի Սպորտի նախարարությունը հայտարարել էր, որ Եվգենի Պլյուշչենկոն նշանակվել է Ռուսաստանի գեղասահքի ազգային հավաքականի մարզիչ: