Օգոստոսի 9-ին Բելառուսում կանցկացվեն նախագահական ընտրություններ, և առաջին անգամ է, որ դրանց արդյունքները կարող են անկանխատեսելի լինել: Ալեքսանդր Լուկաշենկոյի նախագահության 26 տարվա ավարտից հետո մարդիկ պատրաստ են քվեարկել նույնիսկ քաղաքականության մեջ քիչ հայտնի և անփորձ թեկնածուների համար, միայն թե երկրում փոխվի իշխանությունը:
Բելառուսում սկսվել է այսպես կոչված «ստորագրությունների հեղափոխություն»: Նախագահի այլընտրանքային թեկնածուների համար ստորագրությունները հերթեր են գոյացրել ոչ միայն մայրաքաղաքում, այլև փոքր քաղաքներում, որոնք միշտ համարվել են գործող նախագահի հենակետերը:
Լուկաշենկոն, սակայն, ուժով է արձագանքում, իրականացվում են ձերբակալություններ, խուզարկություններ: Եվ այս ամենը տեղի է ունենում համաճարակի, տնտեսական ճգնաժամի պայմաններում, երբ և՛ Մոսկվան, և՛ Արևմուտքը չափազանց զբաղված են իրենց խնդիրներով:
Տուգանվել ու կալանավորվել է նախագահի թեկնածուների առաջադրման համար կազմակերպված հավաքների մի քանի տասնյակ մասնակից: Նրանց թվում բլոգերներ են, ֆերմերներ, բանվորներ, թոշակառուներ, որոնք քննադատում են գործող իշխանությանը և հայտարարում. «Ցանկացածը՝ բացի Լուկաշենկոյից»: