Դասերի ժամանակ միշտ հեռուստացույց էի նկարում, նկարում էի հեռուստացույցի մեջ ոնց «Բիթլզը» կկանգնի, ոնց նվագախումբը կերևա՝ կանգնի թե նստի: Էդպիսի բաներ էի նկարում էկրանի մեջ: Բայց չէի մտածում, որ ես կգնամ հեռուստատեսություն կամ կշարունակեմ այդ ուղղությամբ:
Չէր մտածել, սակայն 1969-ին 18-ամյա Սուրենի՝ Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետ ընդունվելը չհաջողվեց, այլ աշխատանքի անցավ Հայաստանի հեռուստառադիոպետկոմում որպես ռեժիսորի օգնական: Հենց այդպես սկսվեց Հանրայինի ռշտունիական կեսդարը:
Ռեժիսորի օգնական էի, ամեն ինչ անում էի, որ օգնեի, լավ լիներ: Զգում էի, որ ընկել եմ շատ հետաքրքիր, հեքիաթային մի աշխարհ, որտեղ մարդ կարող է ինչ-որ բան մտածի, ավելացնի վրան երաժշտություն, նկարներ, ծաղիկների կադրեր ու դրանով սիրունացնի էն էկրանը, որ ես դպրոցական ժամանակ նկարում էի:
Հեռուստակյանքը շատ սիրեց, բայց պետք է համալսարան ընդունվեր: Մոր խորհրդով այս անգամ տնտեսագիությունը ընտրեց, իր այդքան չսիրած մաթեմատիկայով երկար պարապեց, բայց...
Չընդունվեցի, լճացման տարիներ էին, ոչ մեկը ոչ մի տեղ չէր գնում, բոլորը իրենց աշխատանքի տեղերում սուրճ էին խմում, կարտ էին խաղում, ամեն ինչով զբաղվում էին՝ բացի գործից, իսկ հեռուստատեսությունում այդպիսի բան չկար, հեռուստատեսության աշխատակիցները ժամանակ չունեին: Ես անմիջապես վազեցի, խնդրեցի, ու ընդունեցին էլի: 4 տարի օգնական աշխատեցի. տուն չէի գնում: Էստեղ մի հոտ կար, շունչ, տեմպ ու ռիթմ, գեղեցիկ ստեղծագործելու մի պահ, որին ես սիրահարվել էի:
1971-ից ռեժիսորի ասիստենտ էր, 1976-ից` ռեժիսոր: 10 տարի անընդմեջ եթեր է հեռարձակել «Մեր լեզուն, մեր խոսքը» հաղորդաշարը, որն արժանացել է պետական մրցանակի: Որպես ռեժիսոր հեղինակել է մի շարք գրական, գեղարվեստական, սպորտային հաղորդումներ և անգլերեն բեմադրություններ: 1986-89 թթ. հեռակա կարգով սովորել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի դպրոցական բաժնում:
1991-2004 թթ. եղել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության ամանորի ժամանցային ծրագրերի գլխավոր ռեժիսորը: 1995 թ., ֆրանսիական կառավարության հովանավորությամբ, գործուղվել է Փարիզ, որտեղի Sirnea կենտրոնում անցել է ռեժիսորական բարձրագույն կուրսեր: Ստանալով ռեժիսորի բարձր որակավորում` վերադարձել է Երևան և շարունակել աշխատանքը Հայաստանի ազգային հեռուստատեսությունում որպես գլխավոր ռեժիսոր:
Մի շարք տեսաֆիլմերի հեղինակ և ռեժիսոր էր. «Սիրված երգեր» (1997 թ.), «Գարնանային պատմություններ» (1998 թ.), «Մենք ենք, մեր հայերը» (1998 թ.), «Ձմեռային գիշերվա հեքիաթը» (1999 թ.), «Սիրո աստղ» (2004 թ.), «Բաղնիքի ճակատագիրը կամ հեգնանքդ անուշ» (2010 թ.) և այլն: 4 տարի շարունակ ուղիղ եթեր է հեռարձակել «Կեսգիշերային ճեպընթաց» և «Շաբաթ երեկո» հաղորդաշարերը: 2006 թ. եղել է «Հեռուստառադիոյի 50/80 ամյակ» համերգային նախագծի հեղինակն ու ռեժիսորը, 2007 թ. «4-րդ համահայկական խաղերի» կազմակերպիչն ու ռեժիսորը, 2008-2009 թթ.` Հանրային հեռուստատեսության «Շաբաթ երեկո» հաղորդաշարի գլխավոր ռեժիսորը, 2007-2010 թթ.` «2 աստղ» ժամանցային ծրագրի բեմադրող ռեժիսորը, 2008 թ.՝ Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի 85-ամյակի հանդիսավոր միջոցառման գլխավոր ռեժիսորը, 2010 թ. Ստեփանակերտի մարզադաշտում կազմակերպված Արցախի և բանակի տարեդարձին նվիրված հանդիսության գլխավոր ռեժիսորը: 2010-ից եթեր է հեռարձակել «Աշոտ Ղազարյանը հրավիրում է» ժամանցային հաղորդաշարը:
«Կրթությունից մինչև վարպետություն» գրքի «Ռեժիսորը պետք է տիրապետի հեռուստատեսային բոլոր մասնագիտությունների գաղտնիքներին» հոդվածի հեղինակն է:
2007-ից դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, Հեռուստաֆիլմերի և հեռուստածրագրերի ռեժիսուրա կուրսի ղեկավարն է: 2013 թ. «4-րդ համահայկական խաղերի» կազմակերպման համար ՀՀ նախագահի կողմից ստացել է պատվոգիր-շնորհակալագիր: 2006 թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման:
Ամեն մի օրը ինձ համար եղել է հետաքրքիր մի պատմություն: Երբ ինձ ասում են՝ 50 տարի, դժվար է, հուզվում եմ երբեմն, բայց գիտեմ, որ երբեք չեմ զղջացել ու երբեք չեմ ասի, որ վատ տեղում եմ եղել, ես եղել եմ շատ հետաքրքիր կյանքի մեջ, որտեղ անընդհատ փոքրիկ-փոքրիկ հեքիաթներ են եղել, որոնք զարդարել են իմ կյանքը: