Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու նրա պաշտպանները հանդես են գալիս ակնհայտ ապատեղեկատվությամբ ուղեկցվող հրապարակային հայտարարություններով:
«Դատարանում մեղադրյալ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդության քննարկմանը զուգահեռ վերջինս, ինչպես նաև նրա պաշտպանները հանդես են գալիս ակնհայտ ապատեղեկատվությամբ ուղեկցվող հրապարակային հայտարարություններով՝ փորձելով իրողությունների, գործի հանգամանքների խեղաթյուրմամբ մոլորեցնել հանրությանը և ընթացող իրավական գործընթացին անհիմն կերպով այլ երանգներ հաղորդելու իրենց ընտրած ուղեգիծը պաշտպանել մանիպուլյատիվ պնդումներով: Մասնավորապես՝
1. Գ. Ծառուկյանի պաշտպանը հայտարարել է, թե Ազգային Ժողովին ներկայացված՝ Գ Ծառուկյանի վերաբերյալ միջնորդություններում և դատարան ներկայացված՝ Գ. Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության մեջ պատգամավորին մեղսագրվող արարքների նկարագրությունները տարբեր են: Իբր՝ ԱԺ-ում ներկայացված միջնորդության մեջ Գ. Ծառուկյանին մեղսագրված է խմբի կազմում կաշառք տալու ենթադրյալ հացնավոր արաք, իսկ դատարան ներկայացված միջնորդություններում խոսքը գնում է կաշառք տալու կազմակերպման մասին:
Եթե հարգելի պաշտպանը ապատեղեկատվություն տրամադրելու հարցում նման ինքնավստահություն չցուցաբերեր և գոնե հպանցիկ ծանոթանար ՀՀ Ազգային ժողովում վաղուց տեղադրված և հասանելի՝ Գ. Ծառուկյանի վերաբերյալ միջնորդություններին: Հանրությանը, ինչպես նաև պաշտպանին իրազեկելու համար հատուկ ուղիղ և բառացի մեջբերում եմ այդ միջնորդությունից. «...Այսպիսով, քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին սույն գործով ներգրավելու որպես մեղադրյալ և մեղադրանք առաջադրելու ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալը կազմակերպելու համար, որպիսի արարքը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասով»:
2. Պաշտպանը (և ոչ միայն), պնդել է, թե ուղղակի ապացույց չկա Գագիկ Ծառուկյանի կողմից ընտրակաշառք տալու կամ որևէ մեկին ընտրակաշառ բաժանելու հանձնարարություն տալու մասին, այլ ընդամենը ձեռք են բերվել ապացույցներ Վարդենիսի տարածքում մի քանի հոգու ընտրակաշառք տալու մասին:
Մի կողմ թողնելով ընտրակաշառք բաժանելու հանձնարարություն տալու վերաբերյալ ուղիղ ձևակերպման բացակայությունը որպես կաշառք տալը կազմակերպելու մեղադրանքի հիմքերի բացակայություն ներկայացնելու պարզունակությունը՝ ուզում եմ ուղղակի հղում կատարել ՀՀ Ազգային Ժողովին ներկայացված միջնորդության այն հատվածին, որտեղ հստակ նշված են «Երևան Շին» ընկերությունում կատարված խուզարկությամբ հայտնաբերված «Հաշվետվություն» վերտառությամբ փաստաթղթերին, դրանցում առկա աղյուսակներում արված ընտրողների և նրանց դիմաց հատկացվող գումարների, Գ. Ծառուկյանի հանձնարարությամբ կոնկրետ անձին գումարներ տրվելու վերաբերյալ ձևակերպումներին և այդ բոլոր տեղեկությունները հեղինակի կողմից իր տված ցուցմունքով հավաստելու, Գագիկ Ծառուկյանի հետ անձամբ հանդիպելու և նրա հետ ունեցած պայմանավորվածությունների համաձայն գործելու մասին, որոնք ներառված են եղեն նաև մեղադրանքում, բայց որոնք պաշտպանը նկատել չի ցանկանում:
Ընդ որում՝ ապացուցողական շղթայի հիմնավոր առկայության մասին անգամ ոչ մասնագետի համար մատչելի լեզվով պարզաբանում տվել է ՀՀ գլխավոր դատախազը՝ միջնորդությունների քննարկման ժամանակ՝ ի պատասխան ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Աբովյանի կողմից տրված հարցի:
Պաշտպանին օգնելու համար հնարավորինս արագ ծանոթանալու այդ պարզաբանումներին, տեղադրում եմ քննարկումից այդ հարցուպատասխանի հատվածի տեսագրությունը:
3. Գագիկ Ծառուկյանը պնդել է, թե «Պատմության մեջ չկա ընտրակաշառք տալու հոդվածով մարդ կալանավորելու նախադեպ՝ փորձելով, թերևս, հիմնավորել իր նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքի դրսևորման հանգամանքը: Այս պնդումը ևս իրականությանը չի համապատասխանում:
Ընդամենը մեկ օրինակ. ԵՊ/0707/01/18 գործով (հայտնի է առավելապես որպես «Զիբիլիքսի գործ») հենց ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավված անձի՝ Հ. Փ.-ի նկատմամբ կիրառվել է կալանքը որպես խափանման միջոց: Այս գործը հասանելի է «Datalex» համակարգում, և պարոն Ծառուկյանը կարող է հանգիստ ծանոթանալ դրան:
Սակայն եթե նույնիսկ անտեսենք այս հանգամանքը, «պատմության» հետ համեմատությունները բացարձակ անտեղի և անտրամաբանական են, որովհետև Հայաստանի պատմության մեջ երբևէ չի էլ քննվել, ըստ գործի նյութերի և մեղադրանքի, նման ծավալի ընտրակաշառքի բաժանման դեպք: Այդ գործընթացի ծավալները պատկերացնելու համար ընդամենը պետք է ծանոթանալ նաև ՀՀ գլխավոր դատախազի՝ ԱԺ-ին ներկայացված միջնորդություններում վկայակոչված՝ խուզարկությամբ ձեռք բերված՝ «Գեղարքունիքի մարզի 8/19,20,21 ընտրական տարածքների վերաբերյալ կազմված հաշվետվություններին, դրանցում առկա՝ 17194 ընտրողի համար 171.940.000 դրամ վճարվելու վերաբերյալ փաստաթղթերին:
Եվ այս ապացույցների, դրանցում առկա՝ Գ. Ծառուկյանի հետ պայմանավորվածությամբ կամ հանձնարարությամբ գործողություններ կատարելու, ընտրակաշառքի հանցավոր սխեմայում Գ. Ծառուկյանից անձնական կամ նյութական կախվածության մեջ գտնվող բամաթիվ անձանց ներգրավված լինելու մասին առկա տվյալների ֆոնին միանգամայն իրական են նրա կողմից, ազատության մեջ գտնվելու դեպքում, իր կապերի և ֆինանսական ռեսուրսների գործադրման, հանցագործության կատարմանը ենթադրաբար ներգրավված անձանց նկատմամբ ունեցած հեղինակությունն ու ազդեցությունը գործադրելու, նրանց նկատմամբ անօրինական ներգործություն ունենալու ճանապարհով, ինչպես նաև գործի համար նշանակություն ունեցող նյութեր թաքցնելու կամ կեղծելու միջոցով քննությանը խոչընդոտելու ռիսկերը, որոնք հնարավոր է չեզոքացնել միայն կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դեպքում:
Առավելևս, որ դեռևս անհրաժեշտ է լինելու նրա փաստացի ղեկավարման ներքո գտնվող կուսակցական կառույցներում, նրանից ֆինանսական և անձնական այլ կախվածություն ունեցող անձանցից վերաբերելի փաստաթղթեր ձեռք բերելու անհրաժեշտություն՝ ենթադրյալ հանցագործության կատարմանը ներգրավված աձանց հնարավոր բազմաթիվության, ենթադրյալ հանցագործությունների լայն աշխարհագրության պայմաններում:
4. Գ. Ծառուկյանի պաշտպաններն իրենց հրապարակային ելույթներով վերահաստատում են, որ խափանման միջոցի ընտրության միջնորդության քննության ընթացքում դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն են ներկայացրել՝ փաստացի բերելով արդեն շաբլոնային դարձող՝ գործի քննությունը դատավորին մակագրելու կառուցակարգին չվստահելու պատճառաբանությունը: Անկախ այն դատարանի կողմից մերժելու հանգամանքից՝ ակնհայտ անհիմն նման միջնորդության ներկայացումը ոչ միայն գործընթացը հնարավորինս ձգձգելու արդեն փորձված տակտիկայի ակնհայտ դրսևորում է, այլ նաև դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու եղանակ՝ վերջինիս ի սկզբանե իրենց համար ակնկալելի արդյունք ապահովելուն մղելու, իսկ ոչ ցանկալի հնարավոր որոշման կայացման դեպքում ինքնաբացարկի ներկայացման պատճառաբանությունները որպես պրոցեսը իրավական հարթությունից դուրս բերելու արհեստական հիմքեր ստեղծելու, քաղաքական շահարկումների առարկա դարձնելու նպատակով, ինչն ուղղակի անթույլատրելի է»,- գրել է նա: