Հայաստանում Լիտվայի դեսպանության Ֆեյսբուքի էջի գրառումը տեղեկացնում է, որ այսօր՝ հունիսի 19-ին, Շիաուլյայ քաղաքի օդանավակայանում տեղի է ունեցել Լիտվայի կառավարության կողմից Հայաստան ուղարկվող բուժանձնակազմ և բժշկական օգնություն ճանապարհելու արարողությունը։
8 բուժաշխատողից ու 3 մասնագետից բացի՝ Հայաստան է ուղարկվելու նաև կորոնավիրուսի 30 000 տեստ և 60 000 փորձանմուշի տարա, ինչպես նաև լիտվական արտադրության օդափոխիչի 20 000 զտիչ (ֆիլտր)։
Կայացած մամուլի ասուլիսի ընթացքում մեկնաբանություններով հանդես են եկել Լիտվայի առողջապահության նախարար Աուրելիուս Վերիգան, Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, Լիտվայի ԱԳՆ Միջազգային համագործակցության վարչության պետ Ռասա Կաիրիենեն, Լիտվայի խոշորագույն Սանտարիշկես և Պանիվեժեսի հիվանդանոցների տնօրենները։
Լիտվայի առողջապահության նախարարը նշել է, որ Լիտվան շատ հպարտ է, որ կարողանում է օգնել Հայաստանին այս դժվարին ժամանակահատվածում։ Նախարար Վերիգան նաև ընդգծել է, որ բուժանձնակազմի հետ մեկտեղ Հայաստան է մեկնում երեք մասնագետ, որոնք կորոնավիրուսի ճգնաժամի հենց առաջին օրերից աշխատել են համակարգող շտաբում և իրենց մեծ ավանդն են բերել Լիտվայում համավարակի զսպման գործում։ Նախարար Վերիգան հույս է հայտնել, որ իրենց հայ բարեկամներին ուղարկվող այս օժանդակությունը կօգնի հաղթահարել համավարակը։
Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն իր խոսքում, երախտագիտություն հայտնելով Լիտվայի կառավարությանը և բոլոր ներգրավված գերատեսչություններին, նշել է, որ Լիտվան առաջինն էր, որ արձագանքեց Հայաստան բուժանձնակազմ ուղարկելու կոչին, և միակ երկիրն է, որը երկրորդ անգամ պետական մակարդակով օժանդակություն է ցուցաբերում։
Դեսպանը նաև նշել է, որ Լիտվան ուղարկում է ոչ միայն մեծ արժեք ունեցող բժշկական պարագաներ, այլ նաև իր ունեցած ամենաթանկ կապիտալը` մարդկային ռեսուրսը։