Հունիսի 19-ին նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում միջազգային համագործակցության և փոխօգնության շրջանակներում Լիտվայից Հայաստան ժամանեց լիտվացի բուժաշխատողների և փորձագետների առաքելությունը, որի աշխատանքները տևելու են 14 օր: Նույն ինքնաթիռով Հայաստան են տեղափոխվել նաև բժշկական պաշտպանիչ պարագաներ և սարքավորումներ։
Բժշկական անձնակազմին ու «Team Europe» ծրագրի շրջանակներում Լիտվային կողմից տրամադրված բուժսարքավորումները և բժշկական պարագաներն օդանավակայանում դիմավորեցին ՀՀ Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը և Հայաստանում Շվեդիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Բիրյեր Կարլսոնը:
Այս առաքելության իրականացմանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Շվեդիայի Թագավորությունը և Եվրամիությունը։ Ավելի վաղ Լիտվան Հայաստանին աջակցություն էր տրամադրել բժշկական պարագաների տեսքով՝ Արևելյան գործընկերության չորս երկրներին հատկացված օժանդակության շրջանակներում: