Կառավարության մամուլի վարչությունից հայտնում են՝ ՀՀ պարետի N 110 որոշման համաձայն՝ հունիսի 19-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ոստիկանության ծառայության հետ համատեղ լայնածավալ հսկողություն և մշտադիտարկումներ են իրականացրել Արմավիրի մարզում և Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործող հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ։
Վաղ առավոտից դիտարկվել են ավելի քան ինը տասնյակի հասնող տրանսպորտային միջոցներ։
Կատարված ուսումնասիրությունների և վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են Պարետի կողմից սահմանված անվտանգության կանոնների խախտումների ու թերացումների տարաբնույթ դեպքեր։
Հայտնաբերվել են առավել կրկնվող հետևյալ բնույթի խախտումներ՝ երթուղիներում ախտահանիչ հեղուկի բացակայություն, գերբեռնված փոխադրում, առանց դիմակի ուղևոր, առանց դիմակի վարորդ, կանգնած ուղևոր։
Տաքսամոտորային ուղևորափոխադրման համակարգում՝ վարորդի կողքին ուղևորի նստեցում, առանց դիմակի ուղևոր, առանց դիմակի վարորդ։
Հայտնաբերված խախտումների հիմքով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ, իսկ մնացած թերությունների դեպքում տեղում իրականացվել են բացատրական և իրազեկման լայնածավալ աշխատանքներ։
Վերջին օրերին տեսչական մարմնի կողմից իրականացված մշտադիտարկումների արդյունքներով արձանագրվել է խախտումների թվաքանակի նվազում։
Խախտումները բացառելու կամ հնարավորինս նվազագույնին հասցնելու նպատակով ՔՏՀԱՏՄ մասնագետների կողմից ամենօրյա մշտադիտարկումները և վերահսկողական աշխատանքները շարունակվում է հանրապետության ամբողջ տարածքում։