Բարձրաստիճան պաշտոնյաները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացրել գույքի, եկամուտների, ունեցվածքի 2019-ի տարեկան հայտարարագրերը։ 1lurer.am-ն ուսումնասիրել է դեսպանների հայտարարագրերը։
Վարդան Տողանյան
Վարդան Տողանյանը ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում է 2017-ից։ Տողանյանն ունի 4 բնակարան, որոնցից 3-ը Մոսկվայում՝ գնված 2006, 2009 և 2015 թվականներին։ Տողանյանը միանձնյա սեփականությամբ բնակարան ունի նաև Երևանի կենտրոնում և ավտոտնակ։ 2018-ին դեսպանը ձեռք է բերել Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենա։
Տողանյանը բաժնեմասնակցություն և արժեթղթեր ունի Մեծ Բրիտանիայում գրանցված Arister Solutions LP ընկերությունում, իսկ 2016-ին Տողանյանը 21.5 միլիոն դրամով բաժնետոմսեր է ձեռք բերել Երևանի բնակիչ Լիդիա Ղազարյանից։ Դեսպանն ունի նաև 80.000 եվրոյի արժեքով այլ բաժնետոմսեր։ Տողանյանը նաև բանկում 1.5 միլիոն դոլարի չափով ավանդ ունի։ Թեև դեսպան դառնալուց ի վեր Տողանյանը 8 միլիոն դրամը գերազանցող գույք ձեռք չի բերել, սակայն մինչ այդ ունեցած թանկարժեք գույքի ծավալը հետևյալն է. 1992-2000 թվականներին Տողանյանը ժառանգություն է ստացել 8 միլիոն դրամը գերազանցող 7 նկար։ 2004-ին Տողանյանը մեկ այլ նկար է ձեռք բերել 30.000 դոլարով, 2007-ին՝ 30.0000 դոլարով, 2008-ին՝ 25.000 դոլարով, 2009-ին՝ 35.000 դոլարով։ 2001-ին Վարդան Տողանյանը 20.0000 դոլարով ժամացույց է գնել, հետագայում ևս 5 ժամացույց նվեր ստացել։
Տողանյանի դրամական միջոցները 2019-ին կազմել են 49 միլիոն ռուբլի, 4.8 միլիոն դոլար և 1500 ֆունտ ստեռլինգ։ Նա 52.000 դոլար եկամուտ է հայտարարագրել դեսպանի աշխատավարձից, 30.000 դոլար՝ տարածքի վարձակալությունից, մոտ 30 միլիոն դրամ՝ «Տոսպա» ռադիոխմբագրության շահաբաժնից, 4000 դոլար՝ տրված փոխառության տոկոսից և 15.500 դոլար՝ «Սբերբանկի» հետ քաղաքացիաիրավական պայմանագրի վճարից։
Տողանյանի կինը՝ Մերի Տողանյանը Մոսկվայում 3 ավտոտնակի միանձնյա սեփականատեր է, համասեփականատեր է Մոսկվայում մեկ այլ բնակարանի։ Մերի Տողանյանը բնակարան ունի նաև Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում։ 2003-ին նա 30.000 դոլարով մանյակ է գնել, 2006-ին՝ 25.000 դոլարով օղեր և 2007-ին 15.000 դոլարով ձեռքի ժամացույց։ Մերի Տողանյանը նաև նվիրատվությամբ երկու մատանի է ստացել։ Դրամական միջոցները կազմել են 2.4 միլիոն ռուբլի ևս 34.000 ֆունտստեռլինգ Տողանյանը հայտարարագրել է որպես վարձավճար։ Խոսքը ենթադրաբար հենց Լոնդոնի բնակարանը վարձակալության հանձնելուց ստացած միջոցների մասին է։
Ծովինար Համբարձումյան
Ծովինար Համբարձումյանն այս տարվա հունիսի 4-ին նշանակվեց Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ Մինչ այդ նա վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետն էր։ Համբարձումյանը 4 անշարժ գույքի համասեփականատեր է, որոնցից 2-ը՝ բնակարան Երևանի կենտրոնում, մյուսը՝ հողամաս Արզնիում, նաև՝ հողին ամրակայված անշարժ գույք Վարդենիսում։ Ծովինար Համբարձումյանը միանձնյա սեփականատեր է Երևանի կենտրոնում մի բնակարանի, մի կիսակառույցի և Ջրվեժում առանձնատան։Անցյալ տարվա ընթացքում Համբարձումյանը ևս մեկ բնակարան ու ավտոտնակ է ձեռք բերել, այս անգամ՝ Արաբկիրում։ Բնակարանի արժեքը 25.4 միլիոն դրամ է, իսկ ավտոտնակինը՝ 2 միլիոն։ Գույքերը դեսպանը ձեռք է բերել կառուցապատմամբ զբաղվող «Միկշին» ընկերությունից։
Իտալիայում ՀՀ դեսպանը բանկում առանձին հաշիվներով ունի 1 միլիոն դրամի, 35 հազար դոլարի ավանդ։ Նրա եկամուտները գոյացել են 8 միլիոն դրամի չափով՝ վարչապետի աշխատակազմից ստացված աշխատավարձից, 2.2 միլիոն դրամ եկամուտ Համբարձումյանը ստացել է ՊԵԿ-ից (ենթադրաբար` Արաբկիրում բնակարանը նա ձեռք է բերել եկամտահարկի վերադարձ նախատեսող կարգով): 6600 դոլար Ծովինար Համբարձումյանը նվիրատվություն է ստացել Ոսկան Համբարձումյանից։ Եկամուտներում ևս 1300 դոլար գոյացել է փոխառությունից ստացված տոկոսների հաշվին։
Գեղամ Ղարիբջանյան
2019-ին Կատարի պետությունում ՀՀ դեսպան նշանակվեց Գեղամ Ղարիբջանյանը։ 2019-ի տարեկան հայտարարագրում Ղարիբջանյանը հայտարարագրել է համասեփականատիրությամբ 6 անշարժ գույք, վերջինը ձեռք է բերել 2011-ին՝ Արագածոտի մարզի Անտառուտ համայնքում գնելով հողամաս։ Երևանի կենտրոնում Ղարիբջանյանն ունի 3 բնակարան, մեկ ավտոտնակ։ Անտառուտում բացի հողամասը, նա ունի նաև առանձնատուն։
Գեղամ Ղարիբջանյանը 2018-ին ձեռք է բերել BMW մակնիշի մեքենա, նա ավելի քան 43.000 դոլարի ավանդ ունի։ Դեսպանը հայտարարագրել է ժառանգությամբ ստացված և 8 միլիոն դրամը գերազանցող 3 գեղանկար և 1 գլխաքանդակ։ Եվս մեկ գլխաքանդակ նա ստացել է նվիրատվություն 2009-ին։ Ղարիբջանյանի դրամական միջոցները կազմել են 28.000 դոլար և 3.2 միլիոն դրամ։ Դեսպանի եկամուտները գոյացել են աշխատավարձից՝ 27.000 դոլար, փոխառությունների տոկոսից՝1.8 միլիոն դրամ։ Ղարիբջանյանը վարձակալությամբ տարածք է տրամադրում «Իսքեյփ հաս» ՍՊԸ-ին, որի դիմաց ստանում է 5.9 միլիոն դրամ վարձավճար և «Դեմառ թրեվլ» ՍՊԸ-ին, որից ստանում է մոտ 3 միլիոն դրամ վարձավճար։
Արմեն Սմբատյան
Արմեն Սմբատյանը Իսրայելում ՀՀ դեսպան նշանակվեց 2019-ին։ Մինչ այդ նա զբաղեցրել էր տարբեր պաշտոններ՝ մշակույթի նախարար, ՌԴ-ում ՀՀ դեսպան, Սերժ Սարգսյանի խորհրդական և այլն։ Սմբատյանը 2017-ին բաժնային սեփականությամբ բնակարան է ստացել ժառանգություն Երևանի կենտրոնում, իսկ մինչ այդ՝ 2002-ին Կոտայքի Նուռնուս համայնքում ձեռք էր բերել առանձնատուն և հողամաս։ 2017-ին Սմբատյանը բաժնեմաս է ձեռք բերել «Էկզոտարիում» ՍՊԸ-ում։ Սմբատյանի դրամական միջոցները հաշվետու տարում կազմել են 2 միլիոն դրամ և 10.000 դոլար։
Կինը՝ Ելենա Սմբատյանը միանձնյա սեփականությամբ մեկ բնակարան ու ավտոտնակ է հայտարարագրել Մոսկվայում ու ևս մեկ բնակարան Դուբայում։ Թե’ Մոսկվայի, թե’ Դուբայի բնակարանները նվիրատվություններ են։ Ելենա Սմբատյանը 2 միլիոն դրամ շահաբաժին է ստացել «Էկզոտար» ՍՊԸ-ից։
Արտաշես Թումանյան
Արտաշես Թումանյանն Իրանում ՀՀ դեսպանն է 2015-ից։ Մինչ այդ նա եղել է հարկային ծառայության ղեկավար, փոխարտգործնախարար, պատգամավոր, 2000-2006 թվականներին՝ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար։ Թումանյանը հայտարարագրել է 2 բնակարան, 1 ավտոտնակ Երևանի կենտրոնում, նաև՝ մեկ անշարժ գույք Վանաձորում և հողամաս Նոր-Նորքում։ Թումանյանի դրամական միջոցները կազմում են 20 միլիոն դրամ և 60.000 դոլար։ Որպես դեսպան՝ աշխատավարձը կազմել է մոտ 29.000 դոլար։ Նա նաև «Լիսամ» ՍՊԸ-ի միանձնյա բաժնետեր է, սակայն հավատարմագրային կառավարման է հանձնել որդուն՝ Սամվել Թումանյանին։
Արտաշես Թումանյանի կինը՝ Անահիտ Շահվերդյանը հայտարարագրել է 3 հասարակական նշանակության շինություն, որոնցից մեկը գտնվում է Կենտրոնում, մյուսները՝ Աջափնյակում և Արաբկիրում։ Բացի այդ, դեսպանի կինը Արաբկիրում առանձնատուն է նվեր ստացել, Շենգավիթում, Աջափնյակում, Պռոշյանում գնել է հողամասեր։ Համատեղ սեփականությամբ Շահվերդյանը Երևանի կենտրոնում ունի բնակարան և ավտոտնակ, նաև՝ նվիրատվությամբ առանձնատուն Օձունում։ Շահվերդյանն ունի 80.000 դոլարի ավանդ բանկում, նաև՝ 109 միլիոն դրամի բաժնեմասնակցություն։
Թումանյանի կինը, ըստ էության, վարձակալությամբ տարածք է հանձնել «Դարֆ» ՍՊԸ-ին և 2019-ին այդ ընկերությունից ստացել 3.2 միլիոն դրամ։ «Դարֆ» ՍՊԸ-ն այլ կերպ հայտնի է որպես «Մեծ անիվ» խանութների ցանց։
Ռուբեն Սադոյան
Ռուբեն Սադոյանը Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է 2017-ից։ 2019-ին հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 3 անշարժ գույք Երևանի կենտրոնում, վերջին բնակարանը գնել է 2008-ին։ 2018-ին դեսպանը նվիրատվություն է ստացել Toyota մակնիշի մեքենա։ Սադոյանի դրամական միջոցները կազմել են 32 միլիոն դրամ, 415.000 դոլար և 95.000 եվրո։ Ռուբեն Սադոյանի եկամուտների մոտ 30.000 դոլարը գոյացել է դեսպանի աշխատավարձից, նաև ստացել է 3 փոխառություն «Կոնվերս բանկից»՝ 30 միլիոն դրամի, 10 հազար դոլարի չափով։ Եվս 30.000 դոլարի փոխառություն նա ստացել է «ՎՏԲ Հայաստան» բանկից։
Սադոյանի կնոջ՝ Մերի Աղայանի դրամական միջոցները կազմել են 100.000 դոլար, 10 միլիոն դրամ և 86.000 եվրո։
Ֆադեյ Չարչօղլյան
Ֆադեյ Չարչօղլյանը Հունաստանում ՀՀ դեսպանն է 2016-ից, իսկ մինչ այդ նա ՀՀ-ն էր ներկայացնում Քուվեյթում։ Դեսպանը հայտարարագրել է մեկ բնակարան Երևանի կենտրոնում։ Չարչղօլյանի դրամական միջոցները 2019-ին կազմել են 140.000 դոլար, 85.000 եվրո և 1.5 միլիոն դրամ։ Որպես դեսպան նրա աշխատավարձը կազմել է 44.000 եվրո։
Կնոջ՝ Աննա Նալբանդյանի դրամական միջոցները կազմել են 200.000 դոլար և 120.000 եվրո։
Արմեն Սարգսյան
Արմեն Սարգսյանը, որը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրն է, Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է 2016-ից։ Մինչ այդ նա Հայաստանի դեսպանն էր Չինաստանում։ Ըստ 2019-ի հայտարարագրի՝ Սարգսյանը համատեղ սեփականությամբ բնակարան ունի Արաբկիրում, միանձնյա սեփականատեր է Քանաքեռ-Զեյթունում մի բնակարանի ու ավտոտնակի, իսկ Ջրվեժում ունի հողամաս։ Սարգսյանը անցյալ տարեվերջի տվյալներով բանկում ունեցել է 28 միլիոն դրամի և 49.000 դոլարի ավանդ։
Նրա դրամական միջոցները կազմել են 10.6 միլիոն դրամ, 1200 դոլար և 24.000 եվրո։ 3.2 միլիոն դրամի եկամուտ դեսպանը ստացել է «Արդշինբանկից», իսկ ՊՆ-ից ստացված թոշակը կազմել է 1.7 միլիոն դրամ։ Եվս 27.000 եվրո գոյացել է դեսպանի ստացած աշխատավարձից։ Նրա կինը՝ Սուսաննա Սարգսյանը առանձնատուն ունի Արաբկիրում և համասեփականատեր է Արաբկիրում մեկ այլ բնակարանի։
Սարգսյանի դրամական միջոցները կազմել են 2 միլիոն դրամ, 28.000 դոլար և 3000 եվրո։
Քրիստիան Տեր-Ստեփանյան
Քրիստիան Տեր-Ստեփանյանը ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունում ՀՀ ներկայացուցիչն է, մինչ այդ ՀՀ ներկայացուցիչն էր Ֆրանկոֆոնիայի խորհրդում։ Տեր-Ստեփանյանը Երևանի կենտրոնում ունի 3 բնակարան, որոնցից երկուսը միանձնյա սեփականություններ են, մյուսը՝ համատեղ բնակության։ Դեսպանի բանկային ավանդը կազմում է 35.000 դոլար։ Դրամական միջոցները 2019-ին կազմել են 31.000 եվրո, 7500 դոլար։ Եկամուտներից 51.000 դոլար Տեր-Ստեփանյանը ստացել է դեսպանի աշխատավարձից։
Տեր-Ստեփանյանի կինը՝ Օլգա Դավթյանը հայտարարագրել է Երևանի կենտրոնում գտնվող երկու բնակարան։ Դրամական միջոցները կազմել են 6000 դոլար և 15.000 եվրո։