Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Ժողովրդի ծառա» խմբակցության հետ հանդիպման ժամանակ պատգամավորներին երկու պայման է ներկայացրել ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հրաժարականի հարցում:
Նախագահը Ավակովի հրաժարականը կընդունի, եթե լինեն այլ թեկնածուներ ներքին գործերի նախարարի պաշտոնի համար ,կամ էլ Ավակովի աշխատանքից դժգոհողների թիվը մեծ լինի, ոչ թե մի քանի պատգամավոր:
Նախօրեին Գերագույն ռադայի Իրավապահների հարցերով հանձնաժողովը խորհրդարան էր ներկայացրել Ավակովի պաշտոնանկության մասին բանաձև: Ավելի վաղ վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել էր, որ Ավակովի հրաժարականը չի լինի:
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Կիևում և այլ քաղաքներում բողոքի ցույցեր տեղի ունեցան ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի դեմ: Մարդիկ փողոց էին դուրս եկել մի շարք աղմկահարույց հանցագործություններից և սկանդալներից հետո, որոնց մեջ ներգրավված էին ոստիկանության ծառայողներ:
Նույն օրը Ավակովը հաշվետվություն է ներկայացրել խորհրդարանին և ելույթում հրաժարվել է ներողություն խնդրել իր ենթակաների գործողությունների համար: