ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, «Եվրանեսթի» հայկական պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը տեղեկացրել է, որ բարդ ու լարված բանակցությունների արդյունքում ունեցել են հավասարակշռված փաստաթուղթ՝ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի հայտարարությունը։
«Կարևոր և հիմնարար այս փաստաթղթի առաջին իսկ դրույթում, վերահաստատելով Արևելյան գործընկերության պետությունների հանձնառությունը նախաձեռնության հիմքում ընկած արժեքներին, ի թիվս այլոց ընդգծում է Ինքնորոշման իրավունքը։
Նման ձևաչափում սա աննախադեպ հանձնառություն է՝ հաշվի առնելով, որ այն ստանձնել են ոչ միայն եվրոպական, այլև Արևելյան գործընկերության երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը:
Նշեմ, որ մեզ հաջողվել է բյուրոյի նիստին ներկայացված հայտարարության նախնական տեքստից դուրս բերել ոչ միայն Հայաստանի և Արցախի շահերին մեծապես վնասող ձևակերպումները, այլև կանխել ադրբեջանական պատվիրակության՝ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ միակողմանի ձևակերպումներ ներկայացնելու փորձերը:
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Բյուրոն (բյուրոյի անդամ են ԱԼԳ երկների պատվիրակությունների ղեկավարները եւ Եվրախորհրդարանի խմբակցություններից ներկայացուցիչներ) պաշտոնական հայտարարությունը տարածվել է հունիսի 18-ին կայացած ԵՄ-ի ղեկավարների, ԵՄ անդամ երկրների և Արևելյան Գործընկերության (ԱլԳ) երկրների առաջնորդների հեռավար հանդիպմանն ընդառաջ։
Շեշտեմ, որ հայտարարության մեջ առանձին կետով ընդգծվում է նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կարևորությունը, որը սահմանում է շրջանակ Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման, ԵՄ-ի կողմից Հայաստանում ընթացող քաղաքական և տնտեսական բարեփոխումներին աջակցության, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման գործում Հայաստանի դերի ամրապնդման համար»,- տեղեկացրել է Գայանե Աբրահամյանը՝ Ֆեյսբուքի էջում։