ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, «Եվրանեսթի» հայկական պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը տեղեկացրել է, որ Եվրանեսթ ԽՎ համանախագահներ Անդրիուս Կուբիլիուսը և Իգոր Կռուլկոն ուղերձ են հղել, որով վերահաստատում են աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին` շեշտելով, որ դրանք հիմնված են ԵԱՀԿ հիմնական սկզբունքների վրա՝ Հելսինկյան Եզրափակիչ ակտին համապատասխան։
«Մենք կոչ ենք անում հակամարտության երկու կողմերին՝ ի շահ իրենց բոլոր քաղաքացիների, լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որը չունի ռազմական լուծում»,- նշված է Եվրոպական ինստիտուտների ղեկավարների և ԵՄ անդամ 27 պետությունների կառավարությունների ղեկավարների ու Արևելյան գործընկերության 6 երկրների ղեկավարներին ուղղված
նամակում:
Համանախագահները կոչ են անում ԼՂ հակամարտությունը լուծել վստահության և երկխոսության ամրապնդման և մշտական բանակցությունների վերսկսման միջոցով:
«Մենք վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին, այդ թվում՝ նախագահների մակարդակով, որոնք հիմնված են ԵԱՀԿ հիմնական սկզբունքների վրա՝ Հելսինկյան Եզրափակիչ ակտին համապատասխան»,- նշված է նամակում: