Պարետի որոշումների կատարման նկատմամբ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողությունն այսօր առավել խստացված ու թիրախային բնույթ է կրել Արմավիրի մարզում, մասնավորապես՝ Արմավիր քաղաքում գործող հանրային սննդի կետերում, խանութներում և արտադրական կազմակերպություններում, տեղեկացնում են Կառավարության մամուլի վարչությունից։
Խախտումների նվազումը նկատելի էր նաև այս մարզում: Հանրային սննդի կետերից և խանութներից մեկում ՍԱՏՄ տեսուչների ամենամանրակրկիտ դիտարկումն անգամ որևէ թերացում չի հայտնաբերել: Ավելին՝ խանութում ջերմաչափում էին բոլոր հաճախորդներին, ինչը, Պարետի որոշմամբ, իրացման ցանցի համար պարտադիր չէ:
Այդուհանդերձ, մի շարք տնտեսվարողների մոտ բացթողումներ հայտնաբերվել են՝ հիմնականում կապված գրանցամատյանների թերի լրացման հետ:
ՍԱՏՄ մասնագետների կողմից ստուգայցեր անցկացվել են հանրապետության բոլոր մարզերում, ինչպես նաև մայրաքաղաք Երևանում:
Հայտնաբերված թերացումների մասին արձանագրությունները կներկայացվեն պարետատուն:
Այսօր նաև հանրապետության ամբողջ տարածքում 24 ժամով կասեցվել է մի քանի տասնյակ սննդի շղթայում գործող կազմակերպությունների գործունեությունը: Ավելի վաղ նրանց մոտ հայտնաբերվել էին Պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ՝ ոչ բոլոր հաճախորդներն են ջերմաչափվել, չեն վարել ջերմաչափման և ախտահանման վերաբերյալ գրանցամատյաններ, չեն ապահովել սեղանների և անձանց սոցիալական հեռավորությունը և այլն:
Տեսչական մարմինը տնտեսվարողներին աջակցում է խորհրդատվությամբ, ցուցումներով, ինչպես նաև հիշեցնում կրկնակի խախտումների պարագայում սպասվող ավելի խիստ պատժամիջոցների մասին: