Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ հետևել է մարզում ընթացող մեծածավալ ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։
Դրանց մեկնարկը տրվել է ավելի քան մեկ ամիս առաջ․ աշխատանքներն ընթանում են մեծ թափով։ Մարզի ղեկավարի առաջին կանգառը Վանաձորի Տարոն 2 թաղամասում էր, որտեղից էլ սկսվել է Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհի (127կմ 900-130կմ 400մ) շուրջ 2,5 կմ հատվածի հիմնանորոգումը:
Ինչպես ներկայացվել է մարզի ղեկավարին, աշխատանքները մեկնարկել են մայիսի 15-ից, և ներկայում իրականացվում են ճանապարհի ծածկույթի ֆռեզավորման, բետոնե վաքերի և եզրաքարերի տեղադրման, որոշ հատվածներում նաև՝ ասֆալտապատման աշխատանքներ։
Շինարարության պատասխանատուները խոստացել են աշխատանքներն ավարտել արդեն հուլիսի սկզբին։ Բացի այն, որ տարածքի բնակիչների ներկայացմամբ՝ նշված ճանապարհահատվածը ավելի քան 30 տարի բարձիթողի վիճակում է եղել, շինկազմակերպությունը աշխատանքներում ներգրավել է մարզի բնակչությանը, ովքեր համավարակի պատճառով չեն կարողացել մեկնել արտագնա աշխատանքի։
Անդրեյ Ղուկասյանի աշխատանքային այցի հաջորդ կանգառը Տաշիր համայնքում էր։ Այստեղ նա ծանոթացել է Վարդաղբյուր - Տաշիր/Մ-3/ ավտոճանապարհի (35կմ 300-45կմ 300մ) Տաշիր-Բլագոդարնոյե 10կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին: Այստեղ ծրագրի իրականացումը սկզբնական փուլում է․ ընթանում են հողային և եզրաքարերի տեղադրման աշխատանքներ:
«Այցի նպատակը ոչ միայն ճանապահաշինական աշխատանքներին հետևելն է, այլև ընթացքում ծագած խնդիրները տեղում ուսումնասիրելը և դրանց իրավիճակային լուծումներ տալը»,-ասել է մարզի ղեկավարը և ավելացրել, որ այսպիսի շրջայցերը դրական ազդեցություն են ունենում ոչ միայն աշխատանքների որակի ապահովման, այլև ժամանակի տնտեսման առումով։ Այս ճանապարհը կարևոր ռազմավարական նշանակություն ևս ունի, քանի որ հանդիսանում է Լոռու մարզը Շիրակի մարզին կապող շրջանցիկ ճանապարհ։
Ճանապարհը միմյանց է կապում նաև տարածաշրջանի 4 համայնքներ և կարևոր է նաև անասնապահության զարգացման առումով, քանի որ տեղացիներից շատերը ճանապարհի անբարեկարգ լինելու պատճատով խուսափում էին խոշոր եղջերավոր կենդանիներին տանել հեռագնա արոտներ։
Մեծ թափով է ընթանում նաև Մ6 ճանապարհի դեպի Հաղպատի վանք տանող 5 կմ հատվածի հիմնանորոգումը: Այցելության պահին ընթանում էին հողային և եզրաքարերի տեղադրման աշխատանքներ: Կատարված է աշխատանքների շուրջ 10 տոկոսը: Այստեղ, ինչպես ներկայացվել է մարզի ղեկավարին, աշխատանքների ընթացքում, մասնավորապես Հաղպատ բնակավայրում, ծագել են մի շարք խնդիրներ, որոնց, ինչպես հավաստել է Անդրեյ Ղուկասյանը, խելամիտ լուծումներ կտրվեն Լոռու մարզպետարանի, Ալավերդու համայնքապետարանի և ՀՀ ՏԿԶ նախարարության հետ համագործակցությամբ։
Ճանապարհի կառուցումն ամբողջությամբ ավարտված կլինի արդեն սեպտեմբերին՝ լիարժեքորեն պատրաստ համավարկի ավարտին ընդունելու մեծ քանակությամբ զբոսաշրջիկների։
Շուտով կմեկնարկի նաև Լոռի Բերդ- Լեջան 3.8 կմ հատվածի շինարարությունը ևս:
Հարկ է նշել, որ նշված ճանապարհաշինական աշխատանքների պատվիրատուն հանդիսանում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
Այցելության վերջին կանգառը Մ6- Վանաձոր–Ալավերդի- Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհն էր։ Այստեղ ընթանում է հիմնանորոգման աշխատանքների երկրորդ փուլը։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական ներդրումային և Ասիական զարգացման բանկերի ֆինանսավորմամբ և ՀՀ պետ. բյուջեի համաֆինանսավորմամբ:
Աշխատանքներն ընթանում են մեծ թափով։ Ինչպես ներկայացվել է մարզի ղեկավարին, ներկայումս իրականացվում են ճանապարհի լայնացման, ճանապարհային ծածկույթի մասնակի քանդման, հիմնատակի կառուցման և ներքին շերտի ասֆալտապատման աշխատանքներ:
Երկրորդ փուլով նախատեսվող ճանապարհահատվածի երկարությունը կազմում է 51.74 կմ, որից 38.41 կմ` Լոռու մարզում: