ՀՀ ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ նշելով, որ համացանցում արձանագրել է վարչապետի ընտանիքի, այն է՝ երեխաների ու կնոջ վերաբերյալ սոցիալական ցանցերում հրապարակայնորեն վիրավորանք ու ատելություն սերմանող լուսանկարներ։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՄԻՊ հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը:
«Պատգամավորը տեղեկացրել է, որ կատարողներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է ՀՀ ոստիկանություն և խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունն այս հարցին:
Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես նշել է, որ դատապարտելի է մարդու մասնավոր, ընտանեկան կյանքը, ընտանիքի անդամներին թիրախավորելու արատավոր երևույթը՝ անկախ նրանից, թե ում մասին է խոսքը։
Ցանկացած բանավեճ կամ քննարկում պետք է ընթանա համերաշխության ու հարգանքի մթնոլորտում՝ բացառելով ատելության խոսքն ու արժանապատվության նսեմացումը:
Հերթական անգամ հատուկ պարզաբանում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը չունի անձանց նկատմամբ պատասխանատվության, այդ թվում՝ հարկադրանքի միջոցներ կիրառելու, ինչպես նաև պաշտոնյաներին քաղաքացիներից պաշտպանելու կամ քաղաքացիների միջև հարաբերություններում վերջիններիս պաշտպանելու իրավասություն:
Բոլորին ևս մեկ անգամ հորդորում ենք ուսումնասիրել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի դրույթները»,- գրել է նա: