Հունիսի 19-ին նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում միջազգային համագործակցության և փոխօգնության շրջանակում Լիտվայից Հայաստան ժամանեց լիտվացի բուժաշխատողների և փորձագետների առաքելությունը, որի աշխատանքները տևելու են 14 օր:
Նույն ինքնաթիռով Հայաստան են տեղափոխվել նաև բժշկական պաշտպանիչ պարագաներ և սարքավորումներ։
Բժշկական անձնակազմին ու Team Europe ծրագրի շրջանակում Լիտվայի կողմից տրամադրված բուժսարքավորումները և բժշկական պարագաներն օդանավակայանում դիմավորեցին ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը և Հայաստանում Շվեդիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Բիրյեր Կարլսոնը:
Այս առաքելության իրականացմանը ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Շվեդիայի Թագավորությունը և Եվրամիությունը։
Ավելի վաղ Լիտվան Հայաստանին աջակցություն էր տրամադրել բժշկական պարագաների տեսքով՝ Արևելյան գործընկերության չորս երկրներին հատկացված օժանդակության շրջանակներում: