Ազգային ժողովում Քրեական դատավարության օրենսգրքում և «Հատուկ քննչական ծառայությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը ասաց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է իրավական ակտերով նախատեսված քննչական ենթակայության կանոնների հստակեցման անհրաժեշտությամբ:
Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների նախագծով նախատեսվում է սահմանել այն անձանց շրջանակը, որոնք քրեական դատավարության իմաստով համարվելու են բարձրաստիճան պաշտոնատար անձ և պետական ծառայություն իրականացնող անձ: Նախագծի համաձայն՝ բարձրաստիճան պաշտոնատար անձինք են համարվում՝ ՀՀ նախագահը, վարչապետը, փոխվարչապետները, պատգամավորնեը, ԲԴԽ անդամները և այլք: Պետական ծառայություն իրականացնողները անձինք են՝ ոստիկանության, ԱԱԾ-ի, հարկային, մաքսային մարմինների, հարկադիր կատարումն ապահովող քրեական և փրկարար ծառայությունների պաշտոնատար անձինք:
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ Հատուկ քննչական ծառայությունն այսուհետ քննելու է ինչպես բարձրաստիճան պաշտոնատար անձանց պաշտոնեական լիազորությունների հետ կապված, այնպես էլ չկապված հանցագործությունները: Պետական ծառայություն իրականացնող անձանց դեպքում՝ միայն պաշտանեական լիզորությունների հետ կապված հանցագործությունները:
Առաջարկվում է նաև սահմանել ՀՀ գլխավոր դատախազի քրեական գործը մեկ քննչական մարմնից վերցնելու և այն Հատուկ քննչական ծառայության վարույթ հանձնելու լիազորության շրջանակները: Կվերապահվի ծառայությանը փոխանցել միայն այն քրեական գործերը, որոնց քննության ընթացքում թույլ են տրվել խախտումներ, կամ առա են այլ հիմքեր, որոնք կասկածի տակ են դնում նույն մարմնում այդ գործի հետագա քննության օբյեկտիվության պահպանման հնարավորությունը: