ՀՀ Սահմանադրական դատարանը նախագահի դիմումի հիման վրա Սահմանադրությանը հակասող է ճանաչել Քրեական դատավարության օրենսգրքում և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում ԱԺ-ի կողմից այս տարվա հունվարին ընդունված փոփոխությունները:
«Նախագահի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի և «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանը որոշել է.
Ազգային ժողովի կողմից ընդունված` «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետը ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող:
Ազգային ժողովի կողմից ընդունված` «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող»,- տեղեկացնում է ՍԴ-ն:
Հիշեցնենք, դեռ 2019 թ. սեպտեմբերին ՀՀ Կառավարությունը հավանություն էր տվել այս օրինագծին՝ ելնելով կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու անհրաժեշտությունից, հաշվի առնելով միջազգային, մասնավորապես, սկանդինավյան երկրների փորձը:
Օրինագիծը նախատեսում էր վերացնել ներկայացված հանցագործություններով հարուցված քրեական գործերով բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման համար սահմանված սուբյեկտային սահմանափակումը, առանձին դեպքերում ստեղծել հնարավորություն՝ ստանալու բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ առանց սուբյեկտային սահմանափակման: Միաժամանակ, նախագիծն առաջարկում էր հավելյալ երաշխիքներ և սահմանափակումներ, մասնավորապես, հանցագործությունների սպառիչ ցանկ, որոնցով հարուցված գործերով միայն կարող են իրականացվել որոշակի իրավապահ գործողություններ: Նախագծի վերաբերյալ պարզաբանում էր տարածել նաև ԿԲ-ն՝ ընդգծելով, որ բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները տրամադրվելու են բացառապես դատարանի որոշմամբ: