«Այսօր որոշ տեղեկատվության միջոցներում կարող ենք հանդիպել ստի, լկտի ստի, լպիրշ խոսքի, իրենց քաղաքական գործիչ համարող որոշ անձանց անդաստիարակ պահվածքի անսպառ մարաթոնի»,- «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի քննարկումների ժամանակ հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:
Նա բարձրացրեց մի քանի հարց. «Կա՞ արդյոք սահման խոսքի ազատության և, ասենք, լպիրշ, հայհոյախառը խոսքի միջև: Եթե կա, ապա որտե՞ղ է այդ սահմանը: Կամ մեկ ուրիշ հարց. ցանկացած հնչած խոսք խոսքի ազատության դրսևորո՞ւմ է, թե՞ ոչ, ընդ որում, երբ այդ խոսքը իր մեջ պարունակում է առերևույթ վիրավորանք: Եվ արդյոք այդ վիրավորանքից պաշպանվելու միակ միջոցը պետք է լինի դատական պաշտպանությունը: Ընդ որում, պաշտպանություն, որը կարող է տևել ամիսներ կամ նույնիսկ տարիներ: Հաջորդ հռետորական հարցադրումս վերաբերում է մարդու տեղեկացված լինելու իրավունքի և բութ քարոզչության միջև: Արդյոք այստեղ կա՞ սահման, թե՞ ոչ, եթե կա՝ որտե՞ղ է այն: Ցավոք սրտի, մարդու տեղեկացված լինելու իրավունքը և սուտը ճշտից տարբերելու իրավունքը երբեմն կարող է մարդու կյանք արժենալ: Ահավասիկ, երեկ տեղի ունեցած դեպքը, երբ ապատեղեկատվության պատճառով քաղաքացին հրաժարվել էր կորոնավիրուսի թեստ հանձնել և չհանձնելու ու չբուժվելու պատճառով ի վերջո մահացել է: Պետությունը պե՞տք է պաշտպանի իր քաղաքացուն ստից և կեղծիքից, թե՞ համարենք, որ խոսքի ազատություն է, և ամեն ինչ կարելի է: Ես կարծում եմ, որ պետությունը պետք է ու պարտավոր է պաշտպանել իր քաղաքացուն»,- շեշտեց պատգամավորը:
Նա մեկ այլ հարցադրում էլ հնչեցրեց. «Պե՞տք է միայնակ թողնել քաղաքացուն հեռուստատեսային աղբի, բութ քարոզչության, ստի հետ, թե՞ այնուամենայնիվ պետք է որոշակի միջամտություն: Եվ սա գաղտնիք չէ: Շատերս ամեն օր ստանում ենք զանգեր, նամակներ, մեկնաբանություններ, թե ինչու չեք փակում այս կամ այն ալիքը: Մենք բացատրում ենք, որ դա չենք կարող անել, որովհետև խոսքի ազատությունը բացարձակ արժեք է, որը հեղափոխությունը բերել է մեր քաղաքացիներին: Դա մեր ոճը չէ, դա նախկինների ոճն է, երբ փակվում էր իշխանության քիմքին ոչ հաճո հեռուստաալիք: Բայց միևնույն ժամանակ ես չեմ կարծում որ պետք է թողնել մեր քաղաքացուն այստեղ միայնակ: Այո, կրթական ցենզը, մշակութային զարգացածության աստիճանը կարևոր է, դրա ուղղությամբ պետք է անընդհատ աշխատել, բայց արդյոք բավարա՞ր է միայն այս ուղղությամբ աշխատանքը: Կարծում եմ՝ ոչ, և պետք է գտնել այն սահմանը, որտեղ խոսքի ազատությունը ավարտվում է, և սկսվում են ազգային, հասարակության անվտանգությանը սպառնացող սուտը, կեղծիքը, վիրավորանքը և այլն»: