ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի թվիթին:
Սիմոնյանը նշեց, որ հայտարարությունը կապում է այն չգրված կանոնի հետ, որ ԵԺԿ ղեկավարը մշտապես պաշտպանում է իրենց թիմին անդամակցող կուսակցությունների ներկայացուցիչներին, այդ թվում՝ Սերժ Սարգսյանին:
«Կարծում եմ՝ պարոն Տուսկը պետք է ավելի զուսպ լինի և չխառնվի ՀՀ ժողովրդի գործերին, և Սերժ Սարգսյանի պաշտպանությամբ զբաղվելու համար, կարծում եմ, որ կան ավելի պատշաճ ու ավելի մասնագիտացված անձինք: Կարծում եմ, որ պարոն Տուսկը Հայաստանը տեսնում է Սերժ Սարգսյանի աչքերով, որը որ իրականությունից կտրված աչքեր են, արդարադատությանը սպասող աչքեր են, և որ ՀՀ քաղաքացիների և Հայաստանի իրականության հետ արդեն շատ շուտվանից՝ դեռ մինչ հեղափոխությունը, ոչ մի կապ չունեն և չեն կարող ունենալ»,- նշեց Սիմոնյանը:
ԱԺ փոխնախագահը նշեց, որ միջազգային կառույցներին հղում անելիս կարելի է շատ ավելի լուրջ, հեղինակավոր ու համապարփակ տեսարան ներկայացնող զեկույցներ ու արձագանքներ հղում անել, որոնք կտրուկ աճ են արձանագրում տարբեր ոլորտներում:
«Օրինակ՝ երեկ եղել է նաև Վենետիկի հանձնաժողովի ղեկավարի հայտարարությունը, որը ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող շատ ավելի խոսուն գնահատական է, որի մասին հիմնականում անցյալի ներկայացուցիչներին սպասարկող լրատվամիջոցները շատ քիչ են խոսում»,-նշեց ԱԺ փոխնախագահը: