Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ մեկնարկել են Պարզ լիճ տանող 5,6 կմ երկարությամբ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Ճանապարհը նորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Հ-73 Պարզ լիճ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ3+900-կմ9+500 հատվածի նորոգումը կատարում է «Շինպլյուս» ՍՊ ընկերությունը։ Նախատեսվում է իրականացնել հողային աշխատանքներ, ջրահեռացման համակարգերի վերանորոգում, արհեստական կառուցվածքների իրականացում, ազդանշանային սյուների և նշանների, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշման աշխատանքների իրականացում:
Հ-73 Պարզ լիճ հանրապետական նշանակության ճանապարհը զբոսաշրջային կարևորագույն ուղի է։ Այն մի քանի տասնամյակ չէր վերանորոգվել։ Ճանապարհի վերականգնումը կնպաստի գեղատեսիլ այս վայրում զբոսաշրջային հոսքերի ավելացմանը։