Հունիսի 16-ին ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Լոռու մարզի Մարց գյուղում հայտնաբերել են պահեստ, որտեղ մոտ 8 խմ փայտանյութ էր պահեստավորված և շուրջ 7 խմ վառելափայտով բեռնված «ԳԱԶ-66» մակնիշի մեքենա:
Բեռնատարի 30-ամյա վարորդը, ով նույն գյուղի բնակիչ է, հայտնել է, որ պահեստում և բեռնատարում հայտնաբերված փայտանյութը պատկանում է իրեն: Մայիսի 27-ից հունիսի 16-ն ընկած ժամանակահատվածում «Դսեղ» անտառտնտեսության հանդամասից բենզասղոցով ապօրինի հատել էր 3 ծառ:
Հայտնաբերված փայտանյութը և վառելափայտով բեռնված մեքենան տեղափոխվել են ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: